haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գրող , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 18/10/1875 - Մահացել է՝ 17/10/1957

Կենսագրությունը

ԻՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք Սահակի [18 (30).10. 1875, Ալեքսանդրապոլ – 17.10.1957, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Ա.Վ. Իսահակյանի պապը: 1889–93-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին՝ Լայպցիգի, 1897-ին՝ Ցյուրիխի համալսարանների ազատ ունկընդիր: 1895-ին անդամագրվելով ՀՀԴ-ին՝ ծավալել է գաղափարաքարոզչական ընդհատակյա գործունեություն: Հայ ազգ-ազատագրական պայքարին մասնակցելու մեղադրանքով 1896-ին բանտարկվել է Երևանում, 1898-ին աքսորվել Օդեսա, 1908-ին բանտարկվել երկրորդ անգամ: 1911-ին, որպես քաղաքական վտարանդի, մեկնել է Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Եվրոպա: 1936-ին վերջնականապես հաստատվել է հայրենիքում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած մտքերը.
Միտքը մեռցնում է զգացմունքը, բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ տիեզերքն են գրկում:  

Գործունեությունը

1897-ին լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների առաջին` «Երգեր ու վերքեր» ժողովածուն: Այս և հետագա ժողովածուներում («Բանաստեղծություններ», 1903, «Հայրենի աղբյուրից», 1920, «Ալագյազի մանիներ», 1945) քնարական շնչով ու փիլիսոփայական խոհականությամբ գերիշխում են սերն ու կարոտը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «Էս ճամփեն ոլոր-մոլոր»), մայրական սիրո թեման («Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ»): Սերն իր բազմազան դրսևորումներով Իսահակյանի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանների բանաստեղծությունների հիմնական թեմաներից է: Գրել է հայրենասիրական, ազատասիրական բանաստեղծություններ և պոեմներ, որոնք «Հայդուկի երգեր» խորագրով և Հայ-գուսան ստորագրությամբ տպագրվել են «Դրոշակ» (Ժնև) ամսաթերթում: Իսահակյանի ստեղծագործություններում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվել են դարաշրջանի բարդ ու հակասական երևույթներին: Բանաստեղծը ցավով է վերապրել հայ ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: Իր ժողովրդի լինելիությունը հաստատելու, ամրապնդելու համար որոնել է սոցիալական ու քաղաքական հենարաններ: Բարձրարժեք քնարերգության ու հայրեներգության հետ միաժամանակ գրել է մաքառման, ըմբոստացման բանաստեղծություններ («Իմ սիրտն այնտեղ է», 1906, «Անհուն վրեժի և ատելության», 1908), փիլիսոփախոհական պոեմներ («Աբու-լալա Մահարի», 1909–11): «Աբու-լալա Մահարի» պոեմում ներհունորեն բախվում և հարաբերվում են ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները: Սակայն պոեմի հերոսի ապրումների հակասականությունը, դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, այլ հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ՝ աշխարհապաշտությամբ: Նրա որոնող ոգին մղվում է դեպի «կախարդող հեռուները»: Իսահակյանի ողջ ստեղծագործությունը ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհընկալման, վարքի ու արժանապատվության կնիքով: Այդ ոգով են տոգորված լեգենդները, հեքիաթները («Շիդհարը», 1907, «Յաւերժական սէրը», 1919, «Լիլիթ», 1921), արձակ էջերը («Համբերանքի չիբուխը», 1928, «Ուստա Կարո»): Գրել է նաև հրապարակախոսական հոդվածներ, հուշեր: Իսահակյանի բանաստեղծություններով գրված երգերի զգալի մասը ժողովրդականացել են: Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում, Գյումրիում: Իսահակյանի անունով կոչվել են փողոցներ՝ Երևանում, Գյումրիում, Մոսկվայում և այլուր, դպրոցներ, գրադարաններ՝ ՀՀ տարբեր վայրերում:

1980-ին ՀԳՄ սահմանվել է Իսահակյանի անվան ամենամյա մրցանակ: ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1947–57): ԽՍՀՄ Պետական մրցանակ (1946):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Համո Սահյանի մասին.
Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:  /Վ. ՏԵՐՅԱՆ/ 
 Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: /Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ/
 Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: /Ե. ՉԱՐԵՆՑ/ 
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: /ԱԼ. ԲԼՈԿ/
Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը:
 /Ս. ԲԱՐՈՒԱ/ 
 Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: /ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ/ Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: /Խ. ԷԼ ԱՍԱԴԻ/
Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: /Խ. ԴՈ ՍՈՍԱ/
 Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: /Ա. ԴԻՄՇԻՑ/ 
Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: /Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ/
... Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: /Ա. ԴԵՅՉԻ/ 
Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: 
/ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ/ 

Տեսանյութերը

Հայը - Ավետիք Իսահակյան...

Մեր մեծերը - Ավետիք Իսահակյան ...

Ավետիք Իսահակյան

Աբու-լալա Մահարի (Ավետիք Իսահակյ...

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ / Կարդում է Սոս...

Ավետիք Իսահակյան. Մի մրահոն աղջի...

Ավետիք Իսահակյան. Մի մրահոն աղջի...

Ավետիք Իսահակյան "Լիլիթ" (ԿԱՐԴՈՒ...

Օգտագործող Գաղտնաբառ