haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԿՈՄԻՏԱՍ (ՍՈՂՈՄՈՆ) ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 26/09/1869 - Մահացել է՝ 22/10/1935

Կենսագրությունը

ԿՈՄԻՏԱՍ [Սողոմոն Գեվորգի Սողոմոնյան, 26. 9(8.10).1869, Քյոթահիա (Թուրքիա) – 22.10.1935, Փարիզ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, երաժըշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել Կոմիտասի երաժշտական դաստիարակությանը: Վաղ տարիքում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել է ժողովրդական երգեր, ստեղծագործական փորձեր կատարել: 1893-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարի խմբավար, 1894-ին ձեռնադրվել կուսակրոն աբեղա (անվանակոչվել Կոմիտաս), 1895-ին՝ վարդապետ (Կոմիտաս վարդապետ): 1896–99-ին Բեռլինում, Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն և գեղագիտություն, խմբավարություն, մշակել ձայնը, սովորել է նվագել դաշնամուր և երգեհոն: Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր-անդամներից էր, հանդես է եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով: 1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքը, ժողովրդական երգերի հավաքումը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1906-ին Ֆրանսիայի «Լամուրյո» ընկերության երգչախմբի հետ հայ ժոովրդական և հոգևոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում: 1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, ստեղծել երգչախումբ, համերգներ տվել Կ. Պոլսում, Ադաբազարում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլուր: 1915-ի ապրիլի 2–3-ին Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հրավերով հանդես է եկել զեկուցումներով և համերգով: 1915-ի ապրիլի 24-ին թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածը ընդհատել է Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը: Եղեռնի և աքսորի մղձավանջի ազդեցությամբ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (Փարիզի հոգեբուժարաններում) չի ապաքինվել:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Կոմիտասի բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևոր են ստեղծագործական, հավաքչական ու գիտական աշխատանքները: Ժողովրդական երգերը նա գրառել է ժողովրդի պատմության ու հոգեբանության խորիմացությամբ և գիտական վերլուծական մոտեցումով: Դրանք դրսևորում են հայ ազգային ոճն ու լեզուն, արտահայտչամիջոցների բազմազանությունն ու ինքնատիպությունը: Կոմիտասի հեթանոսական հորովելները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերը, հիրավի, պատմամշակութային խոշոր հայտնագործություններ են: Կոմիտասի հայկական գեղջկական երգերը ժողովրդական երգարվեստի յուրատեսակ պատմագրությունն են: Տեսական աշխատանքներում Կոմիտասը բացահայտել է ժողովրդական երաժըշտության կենսական հիմքերը, երգաստեղծության սկզբունքները և հատկանիշները, դասակարգել տեսակներն ու բնութագրել գեղագիտական արժանիքները: Սկզբունքորեն կարևոր են Կոմիտասի՝ ժողովրդական և հոգևոր երաժշտության միասնության հիմնադրույթը և հնագույն խազագրությանն առնչվող մտահանգումները:

Կոմիտասի ստեղծագործությունը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժան-վում է երկու հատվածի՝ ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրի վրա հիմնված և բուն հեղինակային գործեր («Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը, Հ. Պարոնյանի խոսքերով՝ «Քաղաքավարության վնասներ» երաժշտական պատկերները, Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն» կանտատը, Թումանյանի խոսքերով՝ «Մութն էր երկինքը» ռոմանսը, «Կաքավի երգը» և այլն): Կոմիտասն առավել կարևորել է ժողովրդական սկզբնաղբյուրին հիմնված երկերը («Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Ծիրանի ծառ», «Անտունի», «Լուսնակն անուշ» և այլն), որոնցում զգացվում է ժողովրդական նյութի նկատմամբ Կոմիտասի անհատականության զորեղ ներգործությունը, ներդաշնակության, մասնավորապես բազմաձայնության բացառիկ ինքնատիպ և ժամանակի նորագույն միջոցների ու հնարքների վարպետ կիրառումը, ժողովրդական երաժշտության և ժամանակակից եվրոպական կոմպոզիցիոն միջոցների խելամիտ համադրումը: Կոմիտասի ստեղծագործությունը լայն հեռանկարներ բացեց ազգային երաժշտարվեստի զարգացման գործում, նկատելի ազդեցություն ունեցավ արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա: Կոմիտասի անունով են կոչվել լարային քառյակ, Երևանի կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և այլն, արձաններ են կանգնեցված Երևանում, Էջմիածնում, Փարիզում և այլուր:

Երկ. Երկ., ժող., հ. 1–10, Ե., 1969–2000:

 Տաղք և ալելուք, Փարիզ, 1946:

Բանաստեղծություններ, Ե., 1969:

Նամակներ, Ե., 2000:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչութ
Մեծանուն մարդկաց կարծիքները Կոմիտասի մասին.
Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:

Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ: /Պ. Սևակ/

 Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրեասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովտնի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվին մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանի «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա՜ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կորգևորեինք իր մատներուն շխշխկոցները` իր բազմաձև ճոճումներուն մեջ:Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանոր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. Իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»: /Հ. Աճառյան/

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ… Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝  պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…. /Մ. Սարյան/

«Նա (Կոմիտասը)առաջինն էր, որ ցույց տվեց, թե մենք ևս ունենք մեր ինքնուրույն հայկական աշխարհիկ երաժշտությունը: Նա առաջինն էր, որ ստեղծեց ժողովրդական բազմաձայն երգերի մի աննման սերիա, որն աստիճանաբար վռնդեց հրապարակից ու էստրադայից «ազգային» անբովանդակ սուրրոգատ երգերը: Վերջապես նա առաջինն էր, որ ստեղծեց մեզ մոտ երաժշտական շկոլա և հիմք դրեց հայ ժողովրդական երգի կուլտուրայի»: /Սպիրիդոն Մելիքյանը/

«Կոմիտասը ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը`բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին` հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: ...Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց»: /Ա. Իսահակյան/

Տեսանյութերը

Կոմիտաս-Կռունկ

Կոմիտաս քառյակ Ալ Այլուղս...

Գարուն ա, Կոմիտաս

Կոմիտաս Վարդապետ Հով արեք սարեր ...

Երգում է Կոմիտաս վարդապետը`(Մոկա...

Օգտագործող Գաղտնաբառ