haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 14/04/1864 - Մահացել է՝ 29/09/1929

Կենսագրությունը

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի [14(26). 4.1864, Վաղարշապատ – 29.9.1929, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], բանաստեղծ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել ՄՊՀ լեզվագրության ֆակուլտետը (1888): Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Բաքվի կոմունայի օրերին եղել է Բաքվի լուսբաժնի (1918), ապա՝ Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչը, 1922-ին աշխատել է ՀԽՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում: Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1887-ին:

Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հովհաննիսյանն  արևելահայ բանաստեղծական նոր դպրոցի հիմնադիրն է, որի ներկայացուցիչները դարձան Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը: Հովհաննիսյանի քնարական բանաստեղծությունների թեման սերն է, հայրենիքը, բնությունը: Սիրային բանաստեղծություններն աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», «Կուզեի լինել կարկաչուն վտակ»): Նրա հայրենասիրական պոեզիան պատկերում է հայ ժողովրդի կրած տառապանքները, հատկանշվում հերոսականությամբ ու լավատեսությամբ («Տեսե՞լ ես արդյոք բլուրները», «Մայրս», «Տղմուտ», «Նոր գարուն», «Սարն ի վեր», «Երկու ճանապարհ», «Մնաք բարով, արև, գարուն»): Հայ պոեզիայում առաջինն է ճշմարտացիությամբ նկարագրել գյուղական կյանքը՝ իր ներքին հակասություններով («Գյուղի ժամը», «Հատիկ»): Հովհաննիսյանը «Սյունյաց իշխանը» պոեմում նորովի է մեկնաբանել հայոց պատմության, մասնավորապես Վասակ Սյունու դերի հետ կապված որոշ հարցեր: Հովհաննիսյանն անհաշտ է եղել չարի հանդեպ («Արտավազդ», «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը»): Հովհաննիսյանի քնարերգության որոշ նմուշներ առնչվում են ժողովրդական բանահյուսությանը («Արազն եկավ լափին տալով», «Ալագյազ բարձր սարին»): Հովհաննիսյանը բյուրեղային պարզության է հասցրել հայ նոր պոեզիան, հարստացրել հայ գրական լեզուն: Հովհաննիսյանը բնագրից թարգմանել է Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հայնեի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց ստեղծագործություններից:

1948-ից ծննդավայրում գործում է Հովհաննիսյանի տուն-թանգարանը: Էջմիածնում Հովհաննիսյանի անունով կոչվել է դպրոց, Երևանում և ՀՀ այլ քաղաքներում՝ փողոցներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ