haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

Գրող , Թարգմանիչ , Բանասեր

Ծնվել է՝ 25/06/1899 - Մահացել է՝ 08/07/1937

Կենսագրությունը

ԲԱԿՈՒՆՑ Ակսել (Թևոսյան Ալեքսանդր Ստեփանի, 25.6.1899, Գորիս – 8.7.1937), գրող, բանասեր, թարգմանիչ, կինոդրամատուրգ: Ս.Ա. Բակունցի հայրը: Ավարտել է Գորիսի ծխական դպրոցը (1910), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1917), Խարկովի գյուղատնտեսական  ինստիտուտը (1923): 1918-ին կամավորական խմբերի հետ մասնակցել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին (Էրզրում, Կարս, Սարդարապատ): 1924–26-ին՝ Զանգեզուր գավառի գլխավոր գյուղատնտես և հողբաժնի վարիչ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1923–25-ին  «Մարտակոչ» (Թիֆլիս) և  «Խորհրդային Հայաստան» թերթերում տպագրվել են Բակունցի  «Մեր գյուղերում»,  «Գավառական նամականի»,  «Նամակներ գյուղից» ակնարկների շարքերը, որտեղ ներկայացված է գյուղի տնտեսկան վիճակը: Բակունցին գրական հռչակ է բերել պատմվածքների  «Մթնաձոր» ժողովրդական («Ալպիական մանուշակ»,  «Լառ Մարգար»,  «Միրհավ»,  «Խոնարհ աղջիկը»,  «Այու սարի լանջին»,  «Մթնաձորի չարքը» և այլն): 1927-ին լույս է տեսել  «Հովնաթան Մարչ» երգիծական վիպակը, 1933-ին՝  «Սև ցելերի սերմնացանը» ժողովրդական («Նամակ ռուսաց թագավորին»,  «Սպիտակ ձին»,  «Բրուտի տղան»,  «Սև ցելերի սերմնացանը» և այլն): Պատմվածքներում գեղարվեստական մեծ վարպետությամբ պատկերված են հայրենի բնությունը, հայ գեղջուկի միամտությունն ու հոգու գեղեցկությունը, աշխատավոր մարդու հոգեկան արժանիքները: 1935-ին հրատարակվել են  «Անձրևը» ակնարկների ժողովածուն, «Եղբայրության ընկուզենիները» գիրքը, որտեղ զետեղված  «Կյորես» երգիծական վիպակում նկարագրված է գավառական քաղաքի կյանքը, կենցաղը: Անավարտ են մնացել Բակունցի  «Խաչատուր Աբովյան»,  «Կարմրաքար»,  «Որդի որոտման» գործերը: Բակունցի սցենարներով նկարահանվել են  «Սև թևի տակ» (1930), «Տրագեդիա Արագածի վրա» (1931), «Զանգեզուր» (1936) կինոնկարները:

Բակունցի բանասիրական աշխատություններից ուշագրավ է Խաչատուր Աբովյանի  «Անհայտ բացակայումը» (1932) ուսումնասիրությունը: Կատարել է թարգմանություններ: Աշխարհաբարի է վերածել միջնադարյան առակների  «Աղվեսագիրք» հավաքածուն (1935):

Բակունցը հայ գրակականությունը հարստացրել է պատմվածքի և վիպակի դասական նմուշներով, ազգ-գեղարվեստական մտածողությունն արտահայտող ոճով:

Անհիմն բռնադատվել է, մահվան հանգամանքները անհայտ են: Հետմահու արդարացվել է:
Երկ. հ. 1–4, Ե., 1976–84:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Ա. Բակունցի մասին.

Բակունցը մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է:Նրա ստեղծագործությունների վրա անհատական կնիք է դրված`այնքան թարմ են և ինքը «Բրուտի տղան»  է : Այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները...այնպես նուրբ,կարծես հեքիաթ են,կարծես երազ են տեսնում,այնպես կախարդորեն սուզվում են իրար մեջ անցյալն ու ներկան,որ հուշը դառնում է ներկա և իրական,ներկան դառնում է երազ...                                                                           Ավ. Իսահակյան

Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում,այլև կյանքում:Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ«անկարգությունը»,որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.     -Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ՞... Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով,ուր ապրում և ստեղծագործում էր մեծ,անկրկնելի,եղերական Ակսել Բակունցը:Նա հիմա լեգենդ է ,երգ ու էլեգիա,ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ,փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա,երբ նա երեսունյոթ տարեկան էր,և այդպես էլ մնաց իմ հուշերում...                                                                                                                  Գուրգեն Մահարի

...Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից,տավարածների կյանքից: ՈՒ լսում էր թաքուն համակրանքով,և ես զգում էի դա:   -Քեզնից  հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց,և ես թախիծ զգացի նրա աչքերում: ...Ախ,ուրիշ բան չեմ ուզում,քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ,ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք,խմեինք քչքչացող զուլալ ջուրը:   Արցունքներ երևացին կապույտ աչքերում:   Ես ցնցված էի,վահ,այսքան էլ կարոտ...                                                                                                             Վախթանգ Անանյան

Նկարները
Տեսանյութերը

Ակսել Բակունց - Գաղտնի թղթապանակ...

Լառ-Մարգար

Ակսել Բակունց

Ակսել Բակունցի տուն թանգարանում...

Օգտագործող Գաղտնաբառ