haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Հրամանատար

Ծնվել է՝ 25/02/1865 - Մահացել է՝ 31/08/1927

Կենսագրությունը

ԱՆԴՐԱՆԻԿ [Օզանյան Անդրանիկ Թորոսի, 25.2.1865, Շապին-Գարահիսար, 31.8.1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ), թաղվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ), 1928-ին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Հայ ժողովրդական և Բուլղարիայի ժողովրդական հերոս: Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»: Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգվել է 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները: 1904-ի վերջին Անդրանիկն եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914–20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ»(1906) կանոնագիրքը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հանդես է եկել ՀՀԴ – երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:

«Միայն թույլերն են հանցանք կատարում, ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն»:

Գործունեությունը

Բալկանյան 1-ին պատերազմում (1912–13)   Գարեգին Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների: Առաջին աշխարհամարտի (1914–18) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավորական ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, մեծ դեր խաղացել հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ: 1917-ին նախաձեռնել է Արևմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2–11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917–18) թերթի հրատարակումը:

Անդրանիկը 1918-ի հունվարին նշանակվել է հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել գեներալ-մայորի աստիճան և ղեկավարել է Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվել պաշտպանել Էրզրումը, և զորքը նահանջել է Սարիղամիշ–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին հարվածող զորամաս և տեղաբաշխվել է Ալեքսանդրապոլից հյուսիս.՝ դեպի Ախալքալաք ուղղությամբ՝ շուրջ 70 կմ տարածության վրա: Ալեքսանդրապոլի անկումից (մայիսի 15) հետո Անդրանիկի զորամասը նահանջել է նախ Վորոնցովկա (ներկայումս՝ Տաշիր), այնտեղից՝ Ջալալօղլի (Ստեփանավան), ապա բարձրացել Դսեղ, որտեղ նրան դիմավորել է Հովհաննես Թումանյանը:

Անդրանիկի զորամասը չի մասնակցել Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտին, որտեղ թուրքերը կոտորել են ավելի քան 5000 մարդ: Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրի համաձայն դադարեցվել են ռազմական գործողությունները: Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական զինված ջոկատները, այդ թվում՝ նաև Անդրանիկի զորամասը: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով՝ Անդրանիկը ստիպված հեռացել է Հայաստանից: Դիլիջանից անցել է Ելենովկա (Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ դեպի Բաքու շարժվող անգլլիական զորքին և նրա աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու այնտեղ շարունակել պայքարը:

 Իր զորամասով և շուրջ 20 հազար գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն սահմանելուց հետո գավառը հայտարարել Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Ստեփան Շահումյանին:

Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասն անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար բավականին դժվար իրավիճակում Անդրանիկը կարողացել Է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մնալ մինչև 1919-ի մարտի վերջը, ինչը կարևոր նշանակություն ունեցավ Զանգեզուրը թուրքերից ու մուսավաթականներից պաշտպանելու գործում: Սակայն հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և դժգոհելով Հայաստանի Կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից՝ Անդրանիկը 1919-ի ապրիլին եկել է Էջմիածին, զորամասը զորացրել, ինքն անցել արտասահման: Ֆրանսիայում, ապա Անգլիայում կարճատև դադարից հետո անցել է ԱՄՆ, սակայն շուտով Պողոս Նուբարի հրավերով եկել է Եվրոպա՝ Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու գործը գլխավորելու նպատակով: Բայց այդ նախաձեռնությունը նույնպես ձախողվել է անգլո-ֆրանսիական հարաբերությունների սրման պատճառով. Ֆրանսիան իր զորքերը դուրս բերեց Կիլիկիայից, և թուրքական բանակը մտավ Կիլիկիա: Անդրանիկը 1922-ից հաստատվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում և առավելագույնն արել Խորհրդային Հայաստանին օգնություն կազմակերպելու համար:

Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ. կանգնեցվել են նրա հուշարձանները, հյուսվել ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:
Երկ. Անդրանիկի հուշերը, Ժնև, 1935: Զորավար Անդրանիկ կը խօսի..., Բոստոն, 1994:
 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Անդրանիկ Օզանյանի մասին.  
"Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝  համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետեւ Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը…

Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը, այս է հատկապես մեր սերնդի մարդկանց աոաջին ճիչը:

Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սեւանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով ոտաբոբիկ են անցել ոչ նրա համար, որ նրանց սուրբ արյունը փոխարկվի ինքնապահովագրության պղտոր ջրի եւ քաջաբար զոհված նրանց կյանքը կոխկրտվի մտավախության ցեխի մեջ:

Այլեւս բավակա՜ն է։

էլ հերի՜ք է:

Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլեւ վատթարագույն անբարոյականության, որովհետեւ երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…

Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որեւէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով "մեղա" ասելու պես բան։

Բայց պիտի որ ասվի այդ "մեղան" եւ ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետեւողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սեւացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…

Ու եթե ինձ համար այսքան դժվար է Անդրանիկի մասին մեծարանքի խոսք ասելը, ապա ճիշտ նույն հոգեբանությամբ էլ չեմ կարող անձամբ իմ եւ իմ ողջ սերնդի անունից երախտագիտության խոսք չասել Անդրանիկի հազարավոր զինվորներից մեկին՝ Հակոր Հակոբյանին։

Ընկ. Հ. Հակոբյանի գործը եւ (այդ գործից էլ աոաջ) վարքը հուզիչ է մարդկայնորեն՝ իբրեւ զինվորի հարգանքի տուրք եւ մեծ զորավարի հիշատակին եւ միաժամանակ մի յուրատեսակ քաջագործություն է։

Նույն այն ժամանակ, երբ մեր նորագույն պատմությամբ զբաղվող տասնյա՛կ ու տասնյա՜կ մարդիկ` գիտնականներ իրենց վսեմ կոչումը իջեցնելով մինչեւ հավուր պատշաճության աստիճան եւ պատմաբանի իրենց բարձր դիրքերից հասնելով պատեհապաշտության մակարդակը՝ դարձել են գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ, կես ու լրիվ ակադեմիկոսներ,նույն այդ ժամանակ Անդրանիկի այս համեստ զինվորը, մեն ու մենակ, բոլորիս հայտնի չափով նաեւ վտանգած իրեն, տարիներ շարունակ արել է այն, ինչ պիտի անեին վերեւինները:

Արել է՝ ոչ թե քիթը պահած օրերի քամուն, այլ ձեոքը դրած այն կիզիչ կրակին, որ խիղճ Է կոչվում։

Արել է՝ որքան ներել են իր ուժերը:

Արել է՝ առանց շահախնդրության, եթե վսեմ շահախնդրության չէ ազնվությունն ինքը։

Ուրեմն եւ՝շնորհակալություն նրան ի խորոց սրտից բոլոր նրանց, ովքեր իմ օրին են, այսինքն՝ գրագետ կոչվելու իրավունքով հանդերձ անգրագետներ են՝ ոչ թե ինչ-որ կետադրական նշանների կամ շարահյուսական կանոնների մեջ, այլ ա՛յն նշանների, որով կետադրվել է իրենց տարաբախտ ժողովրդի պատմությանն ինքը, կանոնների, որոնք կազմել են շարահյուսությունը ազատության ու չգոյության…

Այս մեքենագիր գրքի ընթերցողներից ոմանք կարծում են, թե փաստաթղթերի այս ժողովածուն ավելի հարմար է հրապարակել "Բանբերում" Ո՛չ։ Այս ժողովածուն պիտի հրատարակի պետհրատը, մեծ տպաքանակով։ Ըստ որում պիտի հրատարակի ռուսերեն, անպատճառ՝ նաեւ ռուսերեն։

Ընկ. Հ. Հակոբյանին տրված է այն, ինչ չեն ունեցել մեր պատմաբանները, բայց ընկ. Հակոբյանը պատմաբան չէ, ուստի եւ թե՛ այս ժողովածուն եւ թե՛ ընկ. Հակոբյանի հավաքած մյոա նյութերը պիտի հրատարակել համապատասխան խմբագրի օգնությամբ եւ այս գործը պիտի լինի ընդամենը սկիզբ։

Սկիզբ՝ ամենից աոաջ Անդրանիկի գործնու գործունեությունը ի տես դնելու, գնահատելա ուղղությամբ, իսկ այնուհետեւ՝ մեր ժողովրդի ազգային – ազատագրական պայքարի նաեւ այլ հերոսների կյանքն ու գործը վեր հանելու եւ գնահատելու գծով:

Տակավին ապրում են, բարեբախտաբար, մեր հերոսական արյունաշաղախ երեկվա գոյամարտերի մասնակիցներից ոմանք (եւ վերջինները): ժամանակն է, որ գրել տրվեն ու հավաքվեն նրանց հուշերը, ինչպես նաեւ այն բոլոր պատմություններն ու երգերը, որոնք հասել են մոռացության դուռը, եթե չասենք, որ կիսով չափ արդեն ներս են մտել այդ դռնից։

Ընկ. Հակոբյանի գործի հրատարակումը պիտի որ սկիզբ լինի եւ այն ճանապարհի, որով իր ժողովրդին պիտի վերադառնա ոչ միայն անմեռ Անդրանիկը, այլեւ մեռած ու հեռավոր Փարիզում թաղված Անդրանիկը։

Ով՝ ով, բայց Անդրանիկը իրավունք չունի հանգչելու (եւ չի էլ կարողանա հանգչել) ոչ իր հայրենի հողում։

Այս "իրավունքը" պիտի խլվի Անդրանիկից։ Միակ իրավունքը։ Իսկ Անդրանիկի մնացած անչակերտավոր իրավունքները վերականգնեցնելու հապաղումն այլեւս անհանդուրժելի է, եթե չենք կամենում, որ Պատմությունը Դատավարություն լինելուց բացի դառնա նաեւ Դատախազ՝ մեզնից ավագ եւ մեզ հետեւող սերունդների հանդեպ…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Նկարները
Տեսանյութերը

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ՄԱՍ – 1 ...

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ՄԱՍ – 2 ...

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ՄԱՍ – 3 ...

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ՄԱՍ – 4 ...

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ՄԱՍ – 5 ...

Անդրանիկ Օզանյան

Օգտագործող Գաղտնաբառ