haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ (ԻՎԱՆ) ԻՍԱԿՈՎ

Զինծառայող , Հրամանատար

Ծնվել է՝ 10/08/1894 - Մահացել է՝ 11/10/1967

Կենսագրությունը

ԻՍԱԿՈՎ Հովհաննես (Իվան) Ստեփանի [10(22).8.1894, գ. Հաջիքենդ (Ելիզավետպոլի գավառ) – 11.10.1967, Մոսկվա, թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը], Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955): ՌԾ գիտության թեկնածու, պրոֆեսոր (1951): ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967): Խորհրդային Միության հերոս (1965): Ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը (1913), Պետրոգրադի գարդեմարինյան դասընթացները (1917), Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1928): 1914-ից ծառայել է ՌԾՆ-ում (Բալթյան նավատորմի «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ», «Կորշուն» նավեր): 1918-ին հեղինակավոր նավաստիների հետ Բալթիկ ծովում մասնակցել է գերմանական նավատորմի դեմ ծովային մարտերին՝ իրականացնելով Հելսինգֆորսից ռուսական նավերի «սառցային» արշավանքը դեպի Կրոնշտադտ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1920-ին՝ Վոլգա-կասպյան նավատորմյում «Դեյատելնի» ականակրի, ապա՝ Բալթյան նավատորմում «Յակոր» նավի հրամանատար: 1922–27-ին՝ Սևծովյան նավատորմի օպերատիվ շտաբի բաժնի պետ: 1929-ին նշանակվել է ԲԳԿԲ ԳՇ ծովային բաժանմունքի պետ, 1932-ին՝ Ռազմածովային ակադեմիայի ռազմական արվեստի ամբիոնի դասախոս, 1937-ին՝ Բալթյան նավատորմի հրամանատար, 1938–46-ին՝ ՌԾՈՒ շտաբի պետ, ՌԾՆ ժողկոմի տեղակալ, առաջին տեղակալ: 1941-ին նշանակվել է Հյուսիս-արևմտյան , 1942-ից՝ Հյուսիս-կովկասյան ռազմաճակատների գլխավոր հրամանատարի տեղակալ և ռազմական խորհրդի անդամ: Մասնակցել է Սևծովյան և Կասպյան նավատորմերի ռազմական գործողությունների ղեկավարմանը Կովկասի ճակատամարտում: 1942-ի հոկտեմբերին Տուապսեի շրջանում տեղի ունեցած մարտում ծանր վիրավորվել է, սակայն մնացել է մարտական դիրքերում՝ վարելով ՌԾՈՒ ԳՇ պետի պաշտոնը:

1947-ին՝ «Ծովային ատլասի» (հ. 1–3) խմբագրական կոլեգիայի նախագահ: 1-ին հատորի համար՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ (1951): Լենինյան և ԽՍՀՄ Պետական մրցանակների կոմիտեի երկրաբանության և աշխարհագրության հանձնաժողովի անդամ (1958–67), օվկիանոսագիտական պատվավոր անդամ (1967), ԽՍՀՄ գրողների միության (1955) անդամ: Մեքսիկայի ռազմական հետազոտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1958): Գրել է ծովային կյանքին վերա-բերող պատմվածք, ավելի քան 250 ուսումնասիրություններ Լազար Սերեբրյակովի և Նելսոն Ստեփանյանի մասին:

ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1937–46): ՌԴ ՌԾՈՒ-ում Իսակովի անունով կոչվել է հածանավ, ՀՀ և ԼՂՀ քաղաքներում՝ փողոցներ: Երևանի Իսակովի պողոտայում տեղադրվել է Իսակովի հուշարձանը: Լենինի (6), Կարմիր դրոշի (3), Ուշակովի 1-ին աստիճանի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններ և բազմաթիվ մեդալներ:
Երկ. ՍՍՀՄ ռազ­մա-­ծո­վա­յին նա­վա­տոր­մը Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում, Ե., 1946:
Ակ­նարկ­ներ, Ե., 1970:
Պատմ­վածք­ներ նա­վա­տոր­մի մա­սին, 2 հրտ., Ե., 1984:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հովհաննես Ստեփանի Իսահակյան ...

Օգտագործող Գաղտնաբառ