haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Մշակութային գործիչ , Եկեղեցական սպասավոր , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 362 - Մահացել է՝ 17/02/440

Կենսագրությունը

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ, Մաշթոց [մոտ 362, գյուղ Հացեկաց (Տարոնի գավառ) – 17.2.440, Վաղարշապատ, թաղված է Օշականում], հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանչական գրականության սկզբնավորողը (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչը, լուսավորիչ, մշակութ-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ: Կիսաազնվական Վարդանի որդին: Հայաստանում ստացել է հունական կրթություն: Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին, մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում, եղել արքունի ատենադպիր, ապա անցել զինվորական ծառայության: 394-ին դարձել է վանական: Աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ: Գողթն գավառում, որտեղ պահպանվում էր հեթանոսական կրոնը, հիմնել է քրիստոնեական համայնքներ, վարել եկեղեցական դասեր, Աստվածաշունչը բանավոր թարգմանաբար ներկայացրել ժողովրդին: Այս քարոզչությունը նրա մեջ հաստատել է հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապությունը:

Հայ դպրության ստեղծումն ուներ հետևյալ նպատակները` հայացնել Աստվածաշունչը և քրիստոնեական այլ գրքեր, եկեղեցական արարողությունները կատարել հայերեն, ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն, հայությանը փրկել ձուլումից, ամրացնել երկրի քաղաքականապես բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը հիմք պիտի դառնար պետական անկախությունը վերականգնելու համար: Կաթողիկոս Սահակ Պարթևը, ունենալով նույն մտահոգությունները, ամեն կերպ աջակցել է Մեսրոպ Մաշտոցին:

Վռամշապուհ թագավորը Ասորիքից բերել է տվել Դանիելյան նշանագրերը, բացվել են դպրոցներ, Մեսրոպ Մաշտոց, վարդապետի կոչում ստանալով, մանուկներին սկսել է ուսուցանել բերված գրերով: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ նշանագրերը ժամանակի հայերենը լիարժեք արտահայտելու համար բավարար ու հարմար չեն:

Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդում, Եդեսիայում, հայոց գրի մասին խորհրդակցել ասորի հոգևորականների հետ, ի վերջո Եդեսիայում 405-ին ստեղծել հայերենի հնչյունաբանական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմա-նելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր, դրանք դասավորել ըստ հունական այբուբենի հերթականության, տառերին տվել անուններ (այբ, բեն, գիմ և այլն), որոշել նրանց թվային արժեքը (Ա=1, Ժ=10, Ճ=100, Ռ=1000 ևն): Ապա անցել է Սամոսատ, հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել տառերի գծագրությունը և իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու ու Հովսեփ Պաղնացու հետ սկսել է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի Առակների գիրքը, որի սկիզբն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն են:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայոց գրերը ստեղծելիս Մեսրոպ Մաշտոցը ստիպված է եղել լուծել մի շարք խնդիրներ. բազմաթիվ բարբառների առկայության պայմաններում միասնական գրականության հայերենի համար հնչյունաբանական կանոնի որոշումը, գրության ձախից աջ տարբերակի ընտրությունը, ձայնավորների համար տառեր ունենալ-չունենալու կամ դրանք հավելանշումներով արտահայտելու հարցը և այլն: Ի վերջո նա որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների (հնչույթներ) իրական քանակը, բացառել վանկային և ձայնավորներ չունեցող գրային համակարգերը, առաջնորդվել մեկ հնչյունին` մեկ գիր սկզբունքով: Այդպես ստեղծել է 36 տառ, որդեգրել գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրել հայերենի ուղղագրության հիմքը և այլն: Միջնադարում Մեսրոպ  Մաշտոցի այբուբենին ավելացել են նաև օ և ֆ տառերը:

Նորաստեղծ գրերով վերադառնալով հայրենիք՝ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ երկրում ծավալել է Թարգմանչաց շարժումը: Կարճ ժամանակում թարգմանվել են Աստվածաշնչի հիմնական մասը, փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի գրքեր: Տառերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը շրջագայել է Հայաստանում, հավաքել աշակերտներ, ստեղծել դպրոցներ (Մեսրոպյան), տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության և գիտության կենտրոններ: Ըստ պատմագրի՝ իր առաջին շրջագայությունների ժամանակ Մեսրոպ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացերեն լեզվի համար, բուն Աղվանքում՝ գարգարացի ցեղի լեզվի համար՝ վերջինիս օգնել նաև թարգմանչական գործի սկիզբը դնելու և դպրոցներ հիմնելու:

Մեսրոպ Մաշտոցը մասնակցել է հունարենից Աստվածաշնչի ամբողջ թարգմանությանը և խմբագրմանը (հայտնի է Սահակ-Մեսրոպյան անունով), կազմել հունարեն երկերի մի ժողովածու, որը հետո թարգմանվել է հայերեն, գրել քարոզներ, ճառեր, ուղերձներ, շարականներ, որոնք հետո մտել են Շարակնոցի մեջ: Մեսրոպ  Մաշտոցին են վերագրվում Ապաշխարության, Հայոց, Տէր երկնից, Ողորմեա շարքերը և այլն, շուրջ 130 բանաստեղծություն: Նա ստեղծել է հայերեն գրավոր բանաստեղծության առաջին չափերն ու հանգերի տարրերը: Սահակ Պարթևի հետ հիմնել է հայ մասնագիտական երաժշտությունը՝ այն պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով: Մեսրոպ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին ուսուցիչը: Մշակել է հայկական դպրոցի դասավանդման սկզբունքները` դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի ուսուցմամբ, բոլոր հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուներն ուսուցանել հայերենի հիման վրա:

Մեսրոպ Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը: Նրա հասարակական  հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագիտության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները:

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո նրա դին իշխան Վահան Ամատունու ջանքերով տեղափոխվել ու ամփոփվել է Օշականում, երեք տարի անց գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: 1875–79-ին այդ եկեղեցու տեղում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որի բեմի տակի խորանում Մեսրոպ  Մաշտոցի գերեզմանն է: Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:

Մեսրոպ Մաշտոցի անունով են կոչվել Երևանի շրջաններից մեկը, պողոտա, համալսարան, Հայաստանի և սփյուռքի պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն: 1962-ից նրա անունն է կրում Երևանի Մատենադարանը: Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող: 1993-ին ՀՀ-ում սահմանվել է Ս. Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցում` Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանները: 2005-ին ՀՀ-ում մեծ շու-քով նշվել է հայ գրերի գյուտի 1600-ամյակը. Արագածի փեշին` Բյուրականի հարևանությամբ, կանգնեցվել են այբուբենի տուֆակերտ, Օշականի եկեղեցու բակում` խաչքար տառարձանները:
Երկ: Ապաշխարութեան շարականներ: Շարական հոգեւոր երգոց, Էջմիածին, 1861:

  "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՄԱՍ_1_2 ...

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՄԱՍ_2_2 ...

Մեսրոպ Մաշտոց

Օգտագործող Գաղտնաբառ