haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ

Կաթողիկոս

Ծնվել է՝ 329 - Մահացել է՝ 373

Կենսագրությունը

ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ, սուրբ Ներսես Ա Պարթեվ (մոտ 329–373, ամփոփված է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 353-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Վրթանես Ա Պարթևի թոռը: Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցուն: Հունական կրթությունն ստացել է Կեսարիայում: Վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է արքունի սենեկապետ: 351-ին Արշակ Բ-ի հանձնարարությամբ մեկնել է Կոստանդնուպոլիս և վերականգնել հայ-հռոմեական դաշինքը, Հայաստան բերել Կոստանդիոս կայսեր մոտ պատանդ պահված Հայոց թագավորի եղբորորդիներ Գնելին և Տիրիթին, ինչպես նաև կայսեր վաղամեռիկ եղբոր նշանածին՝ Օլիմպիային՝ Արշակ Բ-ի հետ ամուսնացնելու նպատակով:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Առաքելությունը հաջող կատարելու համար Արշակ Բ ավագանու ժողովում Ներսես Ա Մեծին շնորհել է հոգևոր բոլոր աստիճանները, կարգել Հայոց կաթողիկոս և ուղարկել Կեսարիա՝ օծվելու: 356-ին Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ ավանում եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ գումարվել է հայկական եկեղեցական կանոնադիր ժողովը, ընդունվել են եկեղեցական և աշխարհիկ բնույթի բազմաթիվ որոշումներ: Օգտվելով իր մեծ հեղինակությունից՝ Ներսես Ա Մեծը փորձել է վարել եկեղեցին պետությունից բարձր դասելու, աշխարհիկ իշխանության ներքին գործերին միջամտելու քաղաքականություն: 359-ին, դժգոհելով Արշակ Բ-ի՝ առանձին նախարարական տներին հալածելու քաղաքականությունից, Ներսես Ա Մեծը թողել է կաթողիկոսական գահը, սակայն 364-ին, արքայի խնդրանքով, կրկին ստանձնել է Հայ եկեղեցու հովվապետությունը և գլխավորել հայ-հռոմեական լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով Կոստանդնուպոլիս մեկնող պատվիրակությունը: Արշակ Բ-ի մահից հետո Ներսես Ա Մեծի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի խնդրանքով բյուզանդացի Վաղես կայսրը պատանդությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել Արշակ Բ-ի որդուն՝ Պապին:

Ներսե Ա Մեծը ծավալել է հոգևոր-կրթական մեծ գործունեություն, եղել Հայ եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը: Պայքար է ծավալել պարսկական ազդեցության տարածման դեմ, ոչնչացրել զրադաշտ. ատրուշաններն ու մոգության դպրոցները, արգելել պարսկերենի ուսուցումը, ձեռնամուխ եղել Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու ամրապնդմանը: Բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, կուսանոցներ, անկելանոցներ, բարեխնամ և այլ հաստատություններ, վերակառուցել վանքեր ու եկեղեցիներ: Նրա օրոք եկեղեցին դարձել է խոշոր հողատեր և մեծ ազդեցիկ ուժ: Պապ թագավորը, կամենալով թուլացնել եկեղեցու աճող քաղաքական և տնտեսական հեղինակությունը, վերացրել է Ներսես Ա Մեծի սահմանած մի շարք կանոններ, պետականացրել եկեղեցու տիրույթների մեծ մասը, փակել է տվել նրա բացած հաստատությունների մի մասը: Առճակատման այս պայմաններում Ներսե Ա Մեծը հանկարծամահ է եղել: Նրա խորհրդավոր մահվան մասին կան տարբեր վարկածներ:

Հայ եկեղեցին Ներսես Ա Մեծի հիշատակը տոնում է Խադ եպիսկոպոսի հետ՝ Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը (հունիս-հուլիսի սկիզբ):

Կաթողիկոսական գահին Ներսես Ա Մեծին հաջորդել է Շահակ Ա Մանազկերտցին:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ