haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ

Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 03/12/1882 - Մահացել է՝ 11/90/1916

Կենսագրությունը

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ Սուրեն Սպանդարի, Տիմոֆեյ [3(15).12.1882, Թիֆլիս – 11(24).9.1916, Կրասնոյարսկ], հաս-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ: Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը: ՌՍԴԲԿ անդամ 1901-ից: Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902): Սովորել է ՄՊՀ պատմաբանասիրական (1902–03), ապա` իրավաբանական (1905–06) ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին: Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների: Կատարել է կուսակցական պատասխանատու աշխատանքներ: 1905-ի ապրիլին մեկնել է Գերմանիա, կապեր հաստատել արտասահմանյան բոլշևիկյան խմբակների հետ, մայիսի վերջին վերադարձել է Ռուսաստան, այնուհետև շարունակել է հակացարական գործունեությունը Թիֆլիսում: Եղել է ՌՍԴԲԿ կովկասյան միութենական կոմիտեի կազմում: 1906-ի օգոստոսին Ս. Գ. Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծմանն ու զարգացմանը: Ստեփան Շահումյանի և Ս. Հ. Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայերեն բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ՝ պաշտպանելով և քարոզելով Վլադիմիր Իլիչ Լենինի տեսակետը:

1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու, ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքի կուսակցական կազմակերպիչ: Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությանը: Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից: 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, որտեղ նրա նախաձեռնությամբ վերականգնվել է բոլշևիկյան կազմակերպությունը: Սպանդարյանը ղեկավարել է «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր: Աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա»(ռուսերեն) լրագրին: 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VI (Պրահայի) կոնֆերանսին: Ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի և նրա Ռուսական բյուրոյի անդամ: Կոնֆերանսից հետո Վլադիմիր Իլիչ Լենինի հետ մեկնել է Լայպցիգ, որտեղ մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական դումայում սոցիալ-դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը, հանդես եկել զեկուցումով:

1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել ընդհատակյա տպարան: 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում: 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ և մահացել է:
Երկ., հ. 1–2, Ե., 1959: 
Ընտ. երկ., Ե., 1982:
Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Ե., 1939:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ