haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

Գրող , Հրապարակախոս

Ծնվել է՝ 21/01/1878 - Մահացել է՝ 04/04/1945

Կենսագրությունը

ԹԵՔԵՅԱՆ Վահան Գալուստի (21.1.1878, Կ. Պոլիս – 4.4.1945, Կահիրե), բանաստեղծ, հրապարակախոս: Սովորել է Կոստանդնուպոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոն. վար-ժարաններում: Աշխատել է Կոստանդնուպոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետև, որպես առևտրական պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպ-տոս: 1905-ին Ալեքսանդրիայում Մ. Կյուրճյանի հետ հիմնել է «Շիրակ» հանդեսը (1909-ին Կոստանդնուպոլսում հրատարակվել է որպես շաբաթաթերթ), եղել «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբերականների խմբագիր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է որբահավաքման գործին, ուսուցչություն է արել Կոստանդնուպոլսի, Կիպրոսի և այլ հայկական գաղթավայրերի ազգային վարժարաններում: Թեքեյանը արևմտահայ դասական բանաստեղծության վերջին և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Թեքեյանի առաջին ստեղծագործությունը՝ «Կաղանդը Կեսարիոյ մէջ», տպագրվել է 1894-ին՝ Կոստանդնուպոլսի «Հայրենիք» թերթում, բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգերը», 1901-ին՝ Փարիզում: «Հրաշալի յարութիւն» (1914) ժողովածուի «Արարատի դաշտին մէջ», «Հայրենի զրոյցներով» շարքերում պատկերել է հայ ժողովրդի հերոսական անցյալը: «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածույում նկարագրել է Մեծ եղեռնի սարսափները: Անհատի զգացմունքները, հույզերն ու ձգտումները համամարդկային հնչողության են հասնում «Սէր» (1933) բանաստեղծությունների ժողովածույում: Թեքեյանը գրել է բանաստեղծություններ Հայաստանի մասին («Ներկայ Հայաստանին» շարքը), ոգևորվել նրա առաջընթացով: Լույս է ընծայել «Հայերգութիւն» (1943), «Տաղարան» (1945) ժողովածուները: Թեքեյանի պոեզիան առանձնանում է ձևի հղկվածությամբ ու նրբությամբ: Նա հայ գրականության մեջ սոնետի խոշոր վարպետներից է: Գրել է նաև «Եթէ Տէրը կամենայ» վեպը, «Մարի Ֆուրթունի արկածը» (1922) վիպակը, պատմվածքներ ու քրոնիկներ, հրապարակախոս. ու գրականագիտ. հոդվածներ: Թարգմանել է Վիլիյամ Շեքսպիրի սոնետներից, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի և ուրիշների բանաստեղծություններից: Երևանում և Գյումրիում կան Թեքեյանի անվան դպրոցներ: Նրա անունով է կոչվել Բեյրութում հիմնադրված Թեքեյան մշակութային միությունը, որը 1990-ից գործում է նաև Հայաստանում:

Երկ., Ե., 1958: Ամբողջական երկ., հ. 1–9, Կահիրե, 1949–50:
Հատընտիր, Ե., 1978:
Նամականի, Լոս Անջելես, 1983:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Վահան Թեքեյան ...

Վահան Թեքեյան Մութին մեջ ...

Վահան Թեքեյան

Օգտագործող Գաղտնաբառ