haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՎԱՀԱՆ ԶԱՏԻԿՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 22/10/1956 - Մահացել է՝ 08/10/1999

Կենսագրությունը

ԶԱՏԻԿՅԱՆ Վահան Մյասնիկի [22.10.1956, գ. Լոմատուրցխ (Վրաստանի Ախալքալաքի շրջան) – 8.10.1999, Երևան], Ղարաբաղյան ազատագրական շարժման մասնակից: «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական (1982) և Երևանի տնտեսագիտության (1998) պետական ինստիտուտները:

1991–95-ին՝ Երևանի Շահումյանի շրջանի գործկոմի նախագահ, 1995–99-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին համայնքապետը: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (1994), ՀՀ վաստակավոր մարզիչ (1995), «Մալաթիա» բարեգործական ընկերության հիմնադիր նախագահ (1995): ՀՀ երկրապահ կամավորականների և «Ջավախք» հայրենակցական միությունների անդամ: Հովանավորել է Երևանի Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցումը (1992–97):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

Զատիկյանը մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, Արարատի (Երասխ), Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Շահումյանի շրջանի (Էրքեջ, Մանաշիդ, Կարաչինար, Բուզլուխ), Գետաշենի ենթաշրջանի (Մարտունաշեն, Ազատ, Կամո, Կուշչի-Արմավիր, Գետաշեն) բնակչության տարհանմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր (1995–1999):

Պարգևատրվել է ՀՀ «Մարշալ Բաղրամյան–100», «Արիություն», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (հետմահու) մեդալներով:

Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ: Զատիկյանի անունով են կոչվում ԼՂՀ Բերձոր քաղաքի, Երևանի N 90 և Լոմատուրցխի միջնակարգ դպրոցները:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրված է Զատիկյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ռ. Սարգսյան): Թաղված է Եռաբլուրում:
Մուրադյան Ռ., Մեր երթի խաչակիրը. ժողովրդի հետ, ժողովրդի սրտում, Ե., 2001:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ