haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԱՐՇԻԼ (ՈՍՏԱՆԻԿ) ԳՈՐԿԻ (ԱԴՈՅԱՆ)

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 15/04/1904 - Մահացել է՝ 21/07/1948

Կենսագրությունը

ԳՈՐԿԻ Արշիլ [Ադոյան Ոստանիկ (Մանուկ) Սեդրակի, 15.4.1904, գ. Խորգոմ (Վանի նահանգի Հայոց ձոր գավառ) – 21.7.1948, Նյու Յորք], նկարիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և Վանի դպրոցներում: Ընտանիքը 1915-ին գաղթել է Երևան: 1919-ին փոխադրվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ:

Ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (1926), որտեղ դասավանդել է հինգ տարի: Համակրելով ռուս ականավոր գրող Մ. Գորկուն՝ 1925-ին վերցրել է «Գորկի» ազգանունը: Ստեղծագործական առաջին շրջանում Գորկին հիմնականում ստեղծել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (1928–32, Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք), նատյուրմորտներ, բնանկարներ՝ իմպրեսիոնիստների ազդեցությամբ, ապա հակվել վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Հայաստանը ջերմություն և կենսունակություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն և թախիծ ունի՝ տխուր սակայն՝ չհաղթված:  
«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…  «Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»: 

Գործունեությունը

Կյանքի վերջին տասնամյակում Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ [«Այգիներ Սոչիում» (1938, նկարաշարի նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն, «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944, Սիեթլ քի թանգարան), «Հոգեվարք» (1947, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք), «Արորը և երգը» (1947, և այլն)], որոնցով Գորկին հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստոում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի:

Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է:

Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին: 1938-ին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր, 1941-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին: 1946-ին հրդեհվել են նրա երեսունից ավելի կտավները, Գորկին հիվանդացել է քաղցկեղով, որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել: Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժ. Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում (1956, Ամերիկյան արվեստի ցուցահանդես) ու Երևանում (1963, Ամերիկյան գրաֆիկայի ցուցահանդես): Անհատական ցուցահանդեսներ՝ Ֆիլադելֆիայում (1934), Նյու Յորքում (1939, 1945, 2003), Սան Ֆրանցիսկոյում (1941): 2004-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

Երկ. Նամակներ, Ե., 2005 (հայերեն, անգլերեն):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Արշիլ Գորկի

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՐՇԻԼ ԳՈՐԿ...

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկու մասին...

Օգտագործող Գաղտնաբառ