haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է՝ 26/07/1897 - Մահացել է՝ 05/01/1959

Կենսագրությունը

ՀԱԼԱԲՅԱՆ Կարո Սիմոնի [14(26).7.1897, Ելիզավետպոլ (Գանձակ) – 5.1.1959, Մոսկվա], ճարտարապետ: Ճարտարապետության դոկտոր (1948), ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս (1939–59), փոխնախագահ (1949–53): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1917), Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ը (1929): 1920– 1923-ին աշխատել է «Հայկավռոստա»-ում և ՀԿԿ կենտկոմում:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1929–31-ին Հալաբյանը ղեկավարել է Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը՝ Պետնախագիծ ինստիտուտը, ճարտարապետներ Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի հետ ծավալել Հայաստանի բնակավայրերի հատակագծման, կառուցապատման լայնածավալ աշխատանք, նախագծել Կառուցողների ակումբը (այժմ՝ Ռուսական թատրոնի և ՀՀ Օլիմպիական կոմիտեի շենքերը, 1928–29), Երկրաբանական վարչության շենքը (1929–30), Երևանի ջրէկ-ի բնակելի «շախմատաձև» տունը (1930–32), Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) գլխավոր հատակագիծը (1930) և այլն: 1932-ից Հալաբյանն ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Նշանավոր կառույցներից են հնգաթև աստղի ձևով Մոսկվայում կառուցված խորհրդային բանակի թատրոնը (1934–40), Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարը (1939), որի համար արժանացել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման, ՀԽՍՀ տաղավարը Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939 և 1954, Ս. Սաֆարյանի հետ): Հայրենական պատերազմի (1941–45) տարիներին Հալաբյանը գլխավորել է ճարտա րապետական ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը՝ նախագծելով երկրի կարևորագույն արդ. պաշտպանության կառույցների քողարկումը:

Հալսբյանի ղեկավարությամբ է մշակվել Վոլգոգրադի վերականգնման նախագիծը (գլխավոր հատակագիծը՝ 1945), հետպատերազմյան բնակելի տների նոր տիպերի նախագծումը: 1950–51-ին նախագծել է Սոչիի ծովային կայարանը (Լ. Կարլիկի հետ, իրականացվել է 1954-ին), կյանքի վերջին տարիներին՝ Մոսկվայի Խիմկի-Խովրինո խոշոր բնակելի զանգվածը (կառուցապատվել է 1960-ական թթ.): Եղել է Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան ընկերության (ՎՕՊՐԱ) հիմնադիրը (1929), Խորհրդային ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար (1932–50), “Архитектура СССР” ամսագրի պատասխանատու խմբագիր (1933–48), Ճարտարապետերի միջազգային միության ստեղծողներից, Ճարտարապետերի Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ (1936): ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1937–50): 1997-ին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրվել է հուշաքար: Նրա անունով Երևանում փողոց է կոչվել:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ