haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

Գրող , Բանասեր , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 1872 - Մահացել է՝ 1954

Կենսագրությունը

ՉՈՊԱՆՅԱՆ Արշակ Հովհաննեսի (15.7.1872, Կ. Պոլիս – 8.6.1954, Փարիզ), գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոն. վարժարանում: Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895-ին՝ «Ծաղիկ» կիսամսյա թերթի խմբագիր: 1895-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898–1911, նոր շրջան՝ 1929–49) գրակ-գեղարվեստական հանդեսը: Մասնակցել է «Վերածնունդ» (1917–19), «Ապագա» (1921–24) թերթերի խմբագրմանը: Չոպանյանի բանաստեղծություններին բնորոշ են իրականությունն իրատեսորեն արտահայտելու ձգտումը («Արշալոյսի ձայներ», 1891, «Թրթռումներ», 1892, «Քերթուածներ», 1908, ժողովածուներ): Լույս է ընծայել «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խաւեր կամ Բամբասանք»(1893), «Հրաշքը» (1923) դրամաները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Իր նշանակությամբ հայ գրականության մեջ առանձնանում է Չոպանյանի քննադատական գործունեությունը: Չոպանյանը նորովի է մեկնաբանել հայկական գրականության շատ երևույթներ: Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» (1902), «Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը» (1910), «Հայ էջեր» (1912), «Հայրէններու բուրաստանը» (1940) և այլ աշխատություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Չոպանյանն առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Ստեղծել է Խ. Աբովյանի, Րաֆֆու, Ղ. Ալիշանի, Հ. Պարոնյանի, Պ. Պռոշյանի, Ա. Շիրվանզադեի, Համաստեղի և ուրիշների էսսե-դիմանկարները (մեծ մասն ամփոփված է «Դէմքեր» ժողովածույում, հ. 1,2, 1924, 1929)՝ տալով գրողների ընդհանրացված, համակողմանի և դիպուկ բնութագրերը, բացահայտելով նրանց ստեղծագործական մտածողության ու ոճի էական գծերը: Չոպանյանի գեղագիտական հայացքների հիմքն իրապաշտական արվեստի սկզբունքներն են, թեև նա բարձր է գնահատել նաև ռոմանտիկական ուղղության պատմական նշանակությունը: Անդրադարձել է նաև հայ նոր գրականության գործիչներին (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուր.)՝ հաճախ առաջինը տալով նրանց ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը, և արևմտաեվրոպական ու ռուսական գրողներին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1–3, 1918–29) ժողովածույում:

Երկ. Երկ., Ե., 1966:

 Երկ., Ե., 1988:

Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949:

Նամականի, Ե., 1980:

Մկրտիչ Պեշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, 1907:

Պետրոս Դուրյանի կյանքը և գործը, 2 հրտ., վերամշկ., Ե., 1967:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Արշակ Չոպանյանի մասին. 
«Նա հայ գրականության մեծ դեսպանն է Եվրոպայում»: /Տիգրան Կամսարական/

 «Չոպանյանը տաղանդավոր բանաստեղծ է, նրբազգաց քննադատ, նրբամիտ հրապարակախոս, վառվռուն հայրենասեր ու ազգային գործիչ»: /Ալեքսանդր Շիրվանզադե/

Նկարները
Տեսանյութերը

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Արշակ Չոպանյան...

Օգտագործող Գաղտնաբառ