haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է՝ 16/06/1923 - Մահացել է՝ 23/03/2009

Կենսագրությունը

ՉՈՒԲԱՐՅԱՆ Ղուկաս Գրիգորի (ծ. 16.6.1923, Երևան), քանդակագործ: Պրոֆեսոր (1978), ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988): ՀՀ ժողովրդական նկարիչ (1972): Գ. Հ. Չուբարյանի որդին: Ավարտել է ԵԳՈՒ (1942), ԵԳԻ (1950): 1950–55-ին դասավանդել է ԵԳՈւ-ում, 1968-ից՝ ՀՊՄՀ-ում (խորհրդատու՝ 1995-ից), 1996-ից՝ Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Չուբարյանը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի: Դիմաքանդակներին («Անահիտ», 1952, թրծակավ, բրոնզ, «Մ. Ս. Սարյան», 1967, բրոնզ, «Կոմիտաս», 1977, բրոնզ, 2005, գիպս, և այլն), դիմաքանդակային և ֆիգուրատիվ հուշարձաններին («Ե. Չարենց», 1957, բրոնզ, «Ա. Սպենդիարյան», 1957, բրոնզ, համահեղինակ՝ Ա. Մ. Սարգսյան, 1971, մարմար, բոլորը՝ Երևան, «Հ. Թումանյան», 1969, բրոնզ, Դսեղ, և այլն) բնորոշ է հոգեբանական խորությունը: Ժամանակի ճարտարապետության և քանդակագործության համադրման ուշագրավ նմուշներից են ՀՀ Կառավարության 2-րդ տան և ՀԱՄԽ-ի շենքի դեկորատիվ քանդակները (1950-ական թթ.), Երևանի օպերայի և բալետի թատրոնի ճակատի թատերական դիմակները (1980, գրանիտ): 1960–80-ական թթ. ստեղծել է Մովսես Խորենացու, Ֆրիկի, Անանիա Շիրակացու, Թորոս Ռոսլինի քանդակաշարը (բոլորը՝ գիպս): «Մեսրոպ Մաշտոց» (1960–68, բազալտ), «Մխիթար Գոշ» (1967, բազալտ, երկուսն էլ՝ Մատենադարանի ճարտ-քանդակագործության համալիրում) հուշարձաններն աչքի են ընկնում պլաստիկ ընդհանրացումներով, ազգային և արդի ձևամտածողության յուրակերպ համադրումով:

Գործերից են նաև Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային կոմպոզիցիան (1994) և Էջմիածնի կենտրոնի համար՝ Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը (1999): Գործերից պահվում են ՀԱՊ-ում, մի շարք երկրների պատկերասրահներում:

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2003):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Չուբար քանդակների այգի...

Օգտագործող Գաղտնաբառ