haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Քանդակագործ , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 04/04/1902 - Մահացել է՝ 06/06/1969

Կենսագրությունը

ՍԱՐԳՍՅԱՆ Արա Միհրանի (7.4.1902, Կ. Պոլիս – 13.6.1969, Երևան), քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ: Պրոֆեսոր (1947): ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1958): ՀԽՍՀ (1950), ԽՍՀՄ ժողովրդական (1963) նկարիչ: Սովորել է Կ. Պոլսի գեղարվեստի վարժարանում (1919–21), Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921–24): Ավստրիայում ստեղծած քանդակները («Հեղինե Զատեյան», բրոնզ, «Լուռ վիշտ», մարմար, երկուսն էլ՝ 1923, և այլն) XX դ. հայկական քանդակագործության լավագույն գործերից են: 1924-ին Վիեննայում ընդունել է խորհրդային քաղաքացիություն, 1925-ին տեղափոխվել Երևան, 1926-ին կազմակերպել Հեղ. Ռուսաստանի նկարիչների ընկերակցության հայկական մասնաճյուղը, ընտրվել նախագահ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

 1925–30-ին Սարգսյանը դասավանդել է ԵԳԱՏ-ում, 1945– 59-ին՝ ԵԳԻ-ում (հիմնադիր-տնօրեն, ամբիոնի վարիչ, արվեստանոցի ղեկավար), 1932–37-ին՝ ՀՆՄ նախագահ:

1920–30-ական թթ. դիմաքանդակներում (Վ. Թոթովենց, 1926, գիպս, Մ. Ասլամազյան, 1927, գիպս, 1934, բրոնզ, Մ. Նալբանդյան, 1933, գիպս, Թ. Թորամանյան, 1927 գիպս, 1936, բազալտ, Ա. Շիրվանզադե, 1930 գիպս, 1960, բազալտ, Ս. Սպանդարյան, 1927, մարմար) Սարգսյանը զարգացրել է ծավալների մշակման ֆրանսիական քանդակագործության սկզբունքները, ստեղծել մոնումենտալ նոր հնչողությամբ («Մայիսյան ապստամբության հերոսներին», հուշարձան, 1931, բազալտ, Լենինական), ընդգծված արտահայտչականությամբ հատկանշվող գործեր (Ն. Տիգրանյանի, Ա. Մելիք-Փաշայանի քանդակները, երկուսն էլ՝ 1934, փայտ): 1930-ական թթ. Սարգսյանն առաջնություն է շահել Լենինի մոնումենտի, Ս. Կիրովի և Հ. Թումանյանի հուշարձանների՝ Երևանում անցկացված միութենական և հանրապետական մրցույթներում:

Պլաստիկ արտահայտչականությամբ և հոգեբանական խորությամբ են բնորոշվում Սարգսյանի Կիրովի հուշարձանը (1942, բազալտ, Կիրովական), Ն. Զարյանի, Ա. Ջիվելեգովի (երկուսն էլ՝ 1944, գիպս, 1949, բրոնզ) դիմաքանդակները: Սարգսյանը հակադրվելով գեղագիտական ընդհանուր մտայնությանը՝ կերտել է իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակը (1943, գիպս, փայտե տարբերակը՝ 1950, ՀԱՊ, պղնձե  տարբերակը 2002-ին տեղադրվել է ԵՊՀ-ի առջև, ճարտ.՝ Ռ. Ջուլհակյան), որտեղ նորովի են կիրառված հայ միջնադարյան կտիտորական պատկերաքանդակի ավանդույթները: Բազմաթիվ են Սարգսյանի ստեղծած դիմաքանդակները (Ս. Շահումյան, 1949, Մ. Մանիզեր, 1957, Վ. Բրյուսով, 1967, երեքն էլ՝ բրոնզ, Վ. Աճեմյան, 1954, Րաֆֆի, 1958, երկուսն էլ՝ գիպս), մոնումենտները (Հ. Թումա-նյան, 1957, բրոնզ, Երևան, ճարտ.՝ Գ. Աղաբաբյան, Ա. Սպենդիարյան, համահեղինակ՝ Ղ. Չուբարյան, 1957, բրոնզ, Երևան, ճարտ.՝ Ֆ. Դարբինյան): Հեղինակ է նաև Հայրենական պատերազմում (1941–45) զոհված հայ գյուղացիների հուշարձանի (ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, 1968, բրոնզ, տուֆ, ճարտ.՝ Արմեն Սարգսյան), «Մայր Հայաստան» (1968, գիպս, 1975, կոփածո պղինձ, բազալտ, Լենինական, բնօրինակը մեծացրել է քանդ. Ե. Վարդանյանը), Նելսոն Ստեփանյան (1950, բրոնզ, Երևան, ճարտ.` Գ. Աղաբաբյան) քանդակների, Հիրոսիմա (1957, բրոնզ), Տաթև (1962, գիպս), Այգեկութ (ֆրիզ, 1960, գիպս), Սևան (բարձրաքանդակ, 1961, գիպս) կոմպոզիցիաների և այլն: Սարգսյանը հայկական բեմանկարչության վարպետներից է. Երևանի, Լենինականի թատրոններում ձևավորել է մի շարք բեմադրություններ, ճանաչվել Հ. Պարոնյանի գործերի բեմանկարիչ-մեկնաբան («Պաղտասար աղբար», 1933, 1954):

 1973-ին Երևանում բացվել է Սարգսյանի տուն-թանգարանը:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1962), Մոսկվայում (1968):

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1947–55): ՀԽՍՀ Պետական մրցանակ (1970):

Երկ. Հոդվածներ, ելույթներ, հուշեր, Ե., 1982:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Արա Սարգսյան

Օգտագործող Գաղտնաբառ