haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (ՔՈՉԱՐՅԱՆ)

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 15/05/1899 - Մահացել է՝ 22/01/1979

Կենսագրությունը

ՔՈՉԱՐ (Քոչարյան) Երվանդ Սիմոնի [15(27). 6.1899, Թիֆլիս – 22.1.1979, Երևան], նկարիչ, -քանդակագործ: ՀԽՍՀ (1965), ԽՍՀՄ (1976) ժողովրդական նկարիչ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1918), միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (1915–18), Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (1918–19): 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում (բացել է առաջին անհատական ցուցահանդեսը), 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը. 
 «Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»:

«Այն, ինչ տեսաք արվեստանոցում, ես ինքս եմ անում: Իսկ սա (Սասունցի Դավթի արձանը)՝ Կեսարի համար է: Սակայն Կեսարին ես վճարում եմ մաքուր ոսկով»:

Գործունեությունը

Քոչարի 1919–22-ի գեղանկարներին բնորոշ են ռացիոնալիզմը, ուժեղ, զգայական ձգտումը պլաստիկ ծավալային ձևին, սիմվոլիկ մտածելակերպը («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918, Ռուսական թանգարան, Ս. Պետերբուրգ, «Ջութակ», 1919, «Ձվաձև նատյուրմորտ», «Ըմպանակով կինը», երկուսն էլ՝ 1920, ՀԱՊ, և այլն): 1922-ին եղել է Կ. Պոլսում, Վենետիկում (մի քանի դիմաքանդակների համար՝ արծաթե մեդալ), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել և ցուցադրվել է նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923, «Տեսիլք», 1924, մասնակի հավաքածու, Երևան, «Սրճարան», 1925, «Բանաստեղծը», 1924, «Պտուղներով հուրին», 1926, վերջին երկուսը՝ ՀԱՊ) նկատելի է ժամանակակից հոսանքների ոճերի ու ձևերի համադրումը, որի հանրագումարն է «Ընտանիք-սերունդներ» (1925, ՀԱՊ) կտավը:

Արվեստի արդիական ըմբռնումների, նկարի երկրաչափական համակարգը խախտելու միտումների, պատկերման սեփական կերպի ու գեղագիտական մոտեցումների միագումարով Քոչարը ստեղծել է նոր տեսակի մի երկ՝ "Peinture dans Jÿespanse" («Նկարչություն տարածության մեջ», 1926, ԺԱԹ, Փարիզ): Ուրբանիզացիայի և տեխնիցիզմի դեմ է «Մարդը և քաղաքը» (1933) շարքը: Մասնակցել է ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսներին Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում, Բրյուսելում (1935), Լոնդոնում (1936):

1936-ից Քոչարն ապրել և ստեղծագործել է Երևանում:

Նրա «Ինքնանկարը» (1936, Քոչարի թանգարան, Երևան), «Ա. Մովսիսյանի դիմանկարը» (1936, ՀԱՊ) գեղարվեստական վարպետությամբ կատարված հոգեբանական խոր բնութագրումներ են: 1936–56-ին ստեղծել է նշանավոր մարդկանց (հիմնականում գիպսե) կիսանդրիներ և արձաններ (Մ. Գորկի, Շ. Ռուսթավելի, Ա. Պուշկին, Հ. Աբելյան, Մեսրոպ Մաշտոց և ուրիշներ):

«Սասունցի Դավիթ□ էպոսի հոբելյանական ակադեմիական հրատարակության (Լենինգրադ) նկարազարդումների շարքի (գուաշ, 1939, ՀԱՊ) թերթերում Քոչարի հայտ է բերել երկին համահունչ, սակայն միանգամայն նոր ձև և գեղարվեստական մեկնաբանում: Նույն եղանակով են ստեղծվել «Տիգրան Մեծ» (1940), «Ոսկան Երևանցի» (1946, Ազգային գրադարան, Երևան) և այլ գրաֆիկական երկեր: 1955-ին քանդակել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշանկոթողը (բրոնզ, տուֆ, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):

Հայ ոգու խորհրդանիշ է դարձել Քոչարի «Սասունցի Դավիթ» (1959, կոփածո պղինձ, Երևան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967) արձանը, որի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և ձիավորի հուժկու, անկասելի թռիչքը պայմանավորող ներքին հոգևոր խոյանքը: Այլ լուծումով է ստեղծվել երկրորդ ձիարձանը՝ «Վարդան Մամիկոնյանը» (1975, կոփածո պղինձ, կարմրավուն կրաքար, ավազաքար, ճարտ.՝ Ս. Քյուրքչյան, Երևան):

Մոմաներկի գյուտի համար Քոչարին տրվել է հեղինակային վկայագիր (1948): Այդ տեխնիկայով են կատարված «Աղջկա դիմանկարը» (1945), «Կոմիտաս» (1946, երկուսն էլ՝ ՀԱՊ) և այլ գործեր:

Քոչարի գրաֆիկական թեմատիկ կոմպոզիցիաներից են՝ «Դոն Կիխոտ» (1951), «Նիզամին որդու հետ» (1953, երկուսն էլ՝ ՀԱՊ), երփնագիր՝ «Պատերազմի արհավիրքը» (1962, ԺԱԹ, Երևան) և այլն: Ձևավորել է Պուշկինի «Քարե հյուր» (1937), Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (1941, երկուսն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (1947, ԵԵԿԹ) ներկայացումները:

Քոչարն իր արվեստում ներառում է համաշխարհային հին և նոր արվեստի, նաև ժամանակակից նորարարական ուղղությունների բազմաթիվ գծեր ու սկզբունքներ և դրանք սինթեզում հայ արվեստի հետ:

Քոչարի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի թանգարաններում, մասնակի հավաքածուներում:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1965, 1971, 1978), Մոսկվայում (1973), Բաքվում և Թբիլիսիում (1974), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (Դրուան ցուցասրահ, 1945, Պերսիե սրահ, 1966):

1984-ին Երևանում բացվել է Քոչարի թանգարանը, փողոցներից մեկը կոչվել նրա անունով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Երվանդ Քոչարի մասին.  
«Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները...  Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»:   /Վալդեմար Ժորժ/

«Ո՜չ, ո՜չ և հազար անգամ ո՜չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են:  Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին...»: /Անդրե Պասկալ Լևիս/   

Տեսանյութերը

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

ՄԵՆՔ - Երվանդ Քոչար...

Հայը - Երվանդ Քոչար...

Օգտագործող Գաղտնաբառ