haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՄԱՐԻԱՄ ՄԱՐԿՈՍԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային գործիչ , Գործարար

Ծնվել է՝ 21/07/1870 - Մահացել է՝ 1947

Կենսագրությունը

Իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ Արցախի մելիքների շառավիղ, հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը, ծնվել է Թիֆլիսում: Կրթությունն ստացել է Գայանյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: Նրա անհատականության ձևավորման խնդրում մեծ դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը՝ սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն և գրականությունը: 17 տարեկան հասակում Մարիամն ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե Օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ՝ ոտք դնելով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում: Նա, բառիս բուն իմաստով, հեղաշրջում է կատարում այս տանը՝ հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին: Բացի դրանից, երիտասարդ իշխանուհին Թումանովների տունը դարձնում է ժամանակի հայ գրողների ու հասարակական գործիչների պարբերական հավաքների՝ այսպես կոչված գրական հինգշաբթիների վայր: Պետերբուրգում Մարիամ Թումայանը այցելում է Ձմեռային պալատ, որի շքեղությունը ճնշող տպավորություն է թողնում նրա վրա: Վերադարձին նրան գրավում է մի տան նկուղային հարկը: Պատուհանից ներս նայելով՝ նա տեսնում է ծայրահեղ չքավորություն: «Պալատի հսկայական դահլիճները, որոնք համարյա միշտ դատարկ էին մնում, իսկ նրանցից մի քանի քայլ հեռավորության վրա այս մութ ու խոնավ նկուղը իր բազմաթիվ բնակիչներով... Իրավ, մտածելու բան շատ կար, և այդ հակապատկերը վճռողական ազդեցություն ունեցավ վրաս, ու այդ օրվանից ես խոսք էի տվել ինձ ուժերիս չափ մաքառել կյանքի այդ անարդարության դեմ»: Նրա կյանքի հետագիծը ցույց է տալիս, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր այդ խոստմանը՝ ունեցած միջոցներն ու ձիրքերն անխնա ի սպաս դնելով հանրության ցավերի մեղմացմանը: Եվս մի խոստովանություն. «Ես անջատվեցի իմ շրջանի կանանցից և գնացի ուրիշ ճանապարհով»: Այդ ուրիշ ճանապարհը հասարակական եռուն կյանքն էր, ընդ որում ընկերային և մշակութային գրեթե բոլոր ոլորտներում: Բավական դժվարին ճանապարհ, որ թե՛ գնահատանքի ու ակնածանքի դափնիներ էր պարգևում նրան, թե՛ անհանդուրժողության ու բամբասանքի փշեր:

Գործունեությունը

Գործունեությունը. Մարիամ Թումանյանի մոտ երեսնամյա հասարակական գործունեությունը սկիզբ է առել 1891 թվականից, երբ «Աղբյուր-Տարազի» խմբագիր Տիգրան Նազարյանը համոզեց նրան ստանձնել Հրատարակչական ընկերության օգտին տրվելիք պարահանդեսի կառավարչուհու գործը: Եվ առաջին իսկ փորձով նա ցույց տվեց, որ հասարակական ասպարեզ է իջել մի օժտված գործիչ, որն իր բարեխղճությամբ ու հետևողականությամբ կարող է իրականություն դարձնել անգամ ամենահամարձակ ու անիրատեսական թվացող ծրագրերը: Այս «հանգստությունը կորցրած կնոջ» անսպառ եռանդի աղբյուրը, թերևս, պատասխանատվության սուր զգացումն էր ու անսահման բարությունը: Մարիամ Թումանյանը եղել է Հրատարակչական ընկերության, Կովկասի հայոց բարեգործական ընկերության, Թիֆլիսի հայուհյաց բարեգործական վարչության անդամ, Թիֆլիսի հայուհյաց որբախնամ ընկերության, «Ազգագրական հանդեսի» հրատարակչական ընկերության, Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, Թոքախտի դեմ պայքարող ընկերության նախագահ, Դրամատիկական ընկերության հիմնադիր (Գաբրիել Սունդուկյանի ընկերակցությամբ): Այս ընկերությունների բազմաթիվ ծրագրեր իրականացվել են Մարիամ Թումանյանի նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ: Չբավականանալով այդ ամենով, նա գործունեություն է ծավալել նաև այս կազմակերպություններից դուրս: 1895-96թթ. համիդյան կոտորածների ժամանակ Մարիամ Թումանյանը սեփական միջոցներով գորգագործական արհեստանոց հիմնեց գաղթականների համար՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն հաղթահարելու ճակատագրի փորձությունը: Նրա կազմակերպած սիրողական ներկայացումների շնորհիվ վերակենդանացավ Թիֆլիսի հայկական ժողովարանը: Նա կազմակերպում էր Հայոց բարեգործական ընկերության տարեկան պարահանդեսները, որոնցից ընկերությունը ամեն տարի մոտ 1000-1500ռ. hասույթ էր ստանում: Թումանյանը նաև կազմակերպել է Ամերիկական բազար հօգուտ Ցխինվալի հրդեհից տուժած հրեաների, անդամակցել է Զուբալովի անվան ժողովրդական տան (որն ընդգրկել է թատրոն, գրադարան և անվճար թեյարան) կառուցման հանձնաժողովին, նպաստել է Հավլաբարի ժողովրդական թատրոնի (Արաքսյանի թատրոնի) ստեղծմանը: Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի (աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել Աբասթումանի առողջարանը թոքախտով հիվանդների համար, ամեն տարի գարնանը Թիֆլիսում կազմակերպել է «Սպիտակ ծաղկի» օրեր, երբ փողոցներում աղջիկները հինգ կոպեկով թղթե երիցուկներ էին վաճառում: Այդ վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է առողջարանի կառուցմանը, իսկ գնորդներն այդ ծաղիկները՝ որպես թոքախտի դեմ պայքարի խորհրդանիշ, հպարտորեն կրել են իրենց կրծքին: Իշխանուհին տիկին Ռոոպի հետ միասին հիմնադրել է բարեգործական ճաշարան չքավոր, փողոցներում թափառող երեխաների համար, այնուհետև աշակերտական աշխատանքային գաղութ Քուռ գետի «Վարդերի կղզում», որի նպատակն էր «փրկել փողոցային կործանիչ ազդեցությունից գլխավորապես չքավոր դասակարգի երեխաներին, առանց ազգի և կրոնի խտրության, և ամրացնել նրանց ֆիզիկապես»: Առաջին աշխարհամարտի տարիներին տիկին Թումանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ ստեղծվեցին կամավորական, ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ գաղթականների համար: Նա ստանձնեց նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերության՝ զինվորների համար բացված հիվանդանոցի տնտեսության ղեկավարությունը: Նրա մտահաղացմամբ բացվեց «Մի գավաթ թեյ» թեյարանը (Գասպար Տեր-Մարգարյանի՝ Գոլովինսկի փողոցում գտնվող տան առաջին հարկում, սրա օրինակով հետագայում բազմաթիվ թեյարաններ բացվեցին Թիֆլիսում), որից ստացված եկամուտը տրամադրվում էր բարեգործական նպատակներին: Անուհետև Մարիամ Թումանյանն անցավ Դիլիջան և այնտեղ բացեց որբանոց եղեռնից մազապուրծ որբերի համար, հետագայում նաև ջուլհակագործական արհեստանոց գաղթականների համար: Նույնքան բեղմնավոր է եղել Մարիամ Թումանյանի գործունեությունը գրականության և մատաղ սերնդի կրթության գործում: Ունենալով բարձր ճաշակ ու խորաթափանց միտք՝ նա նկատում էր տաղանդավոր ու խոստումնալից գրողներին և ամեն կերպ սատարում նրանց: Ի դեպ, նա իր «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» գրքում հետաքրքիր, բոլորովին նոր լույսի տակ է ներկայացնում ծանոթ գրողներին ու մտավորականներին, մի բան, որ ճանաչողական մեծ արժեք է տալիս իր հուշերին ոչ միայն պատմաբանների, այլև գրականագետների համար: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական կյանքում: Նրա մեկենասությամբ են հրատարակվել Հովհ. Թումանյանի մի քանի գրքեր (ընդ որում առաջին պատկերազարդ գունավոր գրքույկները հայ իրականության մեջ), նրա հայթայթած միջոցներով է Թումանյանը ապաքինվել Աբասթումանում, կատարել ճանապարհորդություն դեպի Անի, նրա միջնորդությամբ տեղավորվել աշխատանքի և այլն: Երկու բազմազավակ Թումանյանների բարեկամությունը վերաճել է սիրո, որը նրանք հերոսաբար անթեղել են իրենց սրտում՝ երբեք չանցնելով «քնքուշ բարեկամության» սահմանները: Մարիամ Թումանյանը հիմնադրել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկ.» հրատարակչությունը, հրատարակել եռալեզու մանկական լոտոներ (թվաբանություն և կարդալ սովորելու համար), փայտե խորանարդիկների վրա հայերեն «Պատկերազարդ այբուբեն», «Մանկական գրադարան» մատենաշար: Աշխատակցել է «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների: Նշանակալից է հատկապես նրա համագործակցությունը «Հասկեր» մանկական հանդեսի հետ, որտեղ նա վարել է «Մարիամ տատիկի տոպրակից» բաժինը՝ իր խորհուրդներով ու հեքիաթներով բավականության անզուգական պահեր պարգևելով դեռահասներին ու կապելով նրանց ամսագրի հետ: Եվ այս ամենը կատարել է, ինչպես «Բազմավեպի» թղթակիցն է ասում, «մեկ երիտասարդ, նիհար հայ կին»: Իր բոլոր ձեռնարկումներում Մարիա Մարկովնան սոսկ շնորհալի կազմակերպիչ չէր, այլև գործուն աշխատակից: Եթե որբանոց էր ղեկավարում, ապա դայակների հետ հավասար խնամում էր որբուկներին՝ մայրական գուրգուրանքի ջերմություն շնորհելով նրանց, եթե ջուլհակագործական արհեստանոց էր ղեկավարում, ապա ուրիշ արհեստանոցներում յուրացնում էր այդ արհեստի նրբությունները, որպեսզի ճիշտ գնահատի իր արտադրանքի որակը, ինքն էր հորինում գործվածքների գույներն ու նախշերը, եթե գիրք էր հրատարակում, ինքն էր կազմում ու խմբագրում դրանք, մտահղանում ձևավորումը, եթե կազմակերպում էր թատերական ներկայացումներ ու պարահանդեսներ, ինքն էլ հանդես էր գալիս որպես դերակատար, եթե պայքարում էր թոքախտի դեմ, որդու բուժման համար արտասահմանում անցկացրած ամիսներն օգտագործում էր տվյալ ոլորտում բժշկության նվաճումները յուրացնելու և դրանք իր հայրենիքում ներդնելու համար: Եթե հիշենք, որ այս եռանդուն տիկինը միաժամանակ մեծացրել է վեց զավակ, ապա երևակայել կարելի է միայն, թե որպիսի հոգեկան տվայտանքներ է ունեցել նա՝ ընտանիքից բացակա ժամերի մեղավորությունը հաղթահարելու համար: Եվ արդարությունը պահանջում է ասել, որ այս ամենը հազիվ թե հաջողվեր նրան, եթե չլիներ ամուսնու բարոյական աջակցությունը, որը լիակատար ազատություն էր տվել իրեն և բացարձակապես չէր միջամտում իր գործերին: Հանրօգուտ աշխատանքին չափից ավելի նվիրվելու և իր առողջությունը չխնայելու համար նա թերևս բախումներ է ունեցել միայն իր ծնողների հետ: Իր հուշերում մտաբերելով հոր հետ վերջին բախումը, որ կապված էր Դիլիջան մեկնելու հետ (որբանոցի գործերին հետևելու համար), իշխանուհին հառաչում է. «Խեղճ իմ սիրելի հայրիկ, դու մոռացել էիր, որ ես ինքս 6 զավակների մայր էի, ու ուզում էիր, որ քեզ հնազանդվեի, ինչպես մի փոքրիկ աղջիկ: Զավակներս, լավ էիր ասում, բայց այստեղ միայն 6 երեխա էր, իսկ այնտեղ հազարավոր, տանջված, հյուծված, զրկված մոր գգվանքից... ինչպե՞ս կարող էի ես տատանվել. իհարկե՝ ոչ»: «Ինչու՞ այդպես դասավորվեց իմ կյանքը: Ամուսնացած եմ, բայց չեմ վայելում ամուսնության քաղցրությունը: Գաղափարական, ազնիվ և խելոք ամուսին ունեմ, բայց իմ մեջ չկա դեպի նա հարկավոր ջերմությունը, թեև շատ եմ գնահատում նրան և խորապես հարգում եմ: Երեխաներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, բայց նրանք չեն լցնում իմ ամբողջ էությունը, ես չեմ կարող հրաժարվել հասարակական գործունեությունից: Մի մտերիմ ու քնքուշ բարեկամ ունեմ, որի երջանկության համար պատրաստ էի ամեն տեսակ զոհաբերություն անել, բայց դուրս է գալիս նրան էլ տանջանքներ եմ պատճառել: Մխիթարելու փոխարեն ես նրան, թեև անգիտակցաբար, վշտացրել եմ»: Այս մտքերը իշխանուհուն համակել են հեռու արտասահմանում, որտեղ նա միայնակ մաքառում էր որդու առողջությունը վերականգնելու համար: Ակնհայտ է, որ այսպիսի հոգեվիճակներ նա հաճախ է ունեցել: Սակայն չի կարելի ասել, որ նա երջանիկ չի եղել: Կարո՞ղ էր իրեն երջանիկ չհամարել մի կին, որին, բացի իր զավակներից, հարյուրավոր երեխաներ «մայրիկ» էին կոչում: Բոլոր ցավերի ու դառնությունների համար նա մի հիանալի սպեղանի է ունեցել՝ աշխատանքը, և մի թանկագին հարստություն, որ քչերին է տրված՝ պետքական լինելու զգացումը և համընդհանուր երախտագիտությունը իր հանդեպ, որ տասնամյակների հետ, ժամանակի հեռավորությունից ավելի ու ավելի է մեծանում:

Մեծանուն մարդկանց կարծիքները Մ. Թումանյանի մասին.

«Անձամբ Ձեզ ես շատ սիրում եմ և գնահատում եմ Ձեր անձնավորությունը, ես նույնիսկ նախանձում եմ հայերին, որ նրանք ունեն Ձեզ պես գիտակից կին և հասարակական գործիչ: Ափսոսում եմ, որ Դուք վրացուհի չեք, մանավանդ, որ դեմքով էլ Դուք շատ նման եք վրացուհու»: /Ակակի Ծերեթելի/

Նկարները
Տեսանյութերը

Իշխանուհի Թումանյանը...

Հազարավոր որբերին փրկած իշխանուհ...

Օգտագործող Գաղտնաբառ