haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 24/05/1923

Կենսագրությունը

ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Տիգրանի (ծ. 24.5.1923, Ալեքսանդրիա), նկարիչ: ՀՀ ժողովրդական նկարիչ (1977): ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1988): Սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում (1934–41), Կահիրեի գեղարվեստի բարձրագույն (1944–47) և Փարիզի Գրան Շոմիե (1952–54) ակադեմիաներում: Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալեներին (1959, 1961): 1962-ին հայրենադարձել է: Հակոբյանը ստեղծագործության առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ [«Կինը խոհանոցում» (1959), «Սխտորներ» (1961), «Վիշտ» (1961), «Դերձակը» (1962)], որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացումները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հակոբյանը մեծ ուժով ընդհանրացրել է հետեղեռնյան իր սերնդի հոգեկան կեցությունը: Հայաստանում Հակոբյանի արվեստը հարստացել է կենսական նոր երանգներով, դիտարկման նոր հնարքներով, գույների քնարական հնչեղությամբ («Գարուն», 1969, «Անդորր», 1970, «Մալիշկա գյուղը», 1970, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա, «Ջրանցքի մոտ», 1972 և այլն): Բնանկարների ենթատեքստում շոշափելի են  անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացումներ: Նրա տագնապն ընդգծված խորհրդանշական հնչեղություն ունի «Նեյտրոնային ռումբին՝ ոչ» (1977–78), «Սումգայիթ» (1989) կտավներում, «Ընտանիք» քանդակում (1989-ին տեղադրվել է Արագածի բարձունքին): Խորհրդանշականի և ճշմարտացիի միահյուսմամբ են հատկանշվում Հակոբյանի պատկերները («Իմ արվեստանոցը», 1983, «Գործիքներ», 1998, «Բուժքույրը», 2003 և այլն):

Հակոբյանն ազգային ինքնակենսագրական բնույթի հիշողությունների համատեքստում է ընկալել և իմաստավորել ներկան, կյանքի երևույթները, համամարդկային գերխնդիրները («Հանրապետության հրապարակ», 2001, «Վիրուսներ», 2003, «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին», 2004 և այլն):

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքներում (1963-ից): ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967–71): ՀԽՍՀ (1977), ԽՍՀՄ (1985) Պետական, «Հայաստան» համահայկական հիմնադրամի (1994) մրցանակներ, ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի (1996), Հայ եկեղեցու Ս. Սահակ-Ս. Մեսրոպ (2003) շքանշաններ:

Երևանի պատվավոր քաղաքացի (2001):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Հակոբ Հակոբյան. դիմանկար...

Մեր մեծերը - Հակոբ Հակոբյան...

Նկարիչ Հակոբ Հակոբյան...

Օգտագործող Գաղտնաբառ