haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՐԴԳԵՍ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 09/08/1932 - Մահացել է՝ 15/04/1994

Կենսագրությունը

Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորենք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը... Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից... Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ... Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել... արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք... ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում: Բայց սպիերով է սիրտը սիրտ, այդ սպիերով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը: Վ. Պետրոսյան Արձակագիր, դրամատուրգ Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին՝ Աշտարակ քաղաքում: 1954 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1954-55 թվականներին աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար, իսկ 1955-57թթ.՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես գրական աշխատող: Այնուհետև՝ 1957 թվականից մինչև 1961 թվականը «Ավանգարդ» թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ: Պետրոսյանը եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը (1961-66թթ.): Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի Գրողների միության վարչության աշխատանքները, եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը (1966-75թթ.): Վարդգես Պետրոսյանը 1975 թվականի մայիսից մինչև 1981թվականը եղել է Հայաստանի Գրողների միության վարչության առաջին քարտուղարը, իսկ 1981-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականության և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել: 1988-ից Մշակույթի հայկական ֆոնդի նախագահն էր, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: Ժամանակակիցներից շատերն էին նշում, որ Վարդգես Պետրոսյանն ազգային գործչի մտահոգությամբ ու սիրով է հայտնաբերել պատանի տաղանդներին, երիտասարդ շնորհալիներին, շրջապատել հոգածությամբ, նրանց համար գտել ժամանակ, միջոցներ ու հնարավորություններ: Վարդգես Պետրոսյանը սպանվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Երևանում՝ սեփական բնակարանի շքամուտքի մոտ՝ մարդասպանի արձակած մի քանի կրակոցներից: «Վարդգես Պետրոսյանի կորստով հայ գրականությունը զրկվեց իր անկրկնելի մի գույնից»,- ասված էր նրա մահախոսականում: Գրողի աճյունն ամփոփված է Աշտարակում:

Գործունեությունը

Ազգի ու հայրենիքի որևէ նվիրյալի, նշանավոր ստեղծագործողի կամ գործչի երկրային կյանքի ավարտից հետո, շատ կարևոր է դառնում նրա թողած վաստակի, անձի ու գործի ամբողջական պատկերի վերստեղծման խնդիրը: Այս պահանջն ավելի քան հրատապ է Վարդգես Պետրոսյան երևույթի պարագայում, ում մշտապես անհանգիստ անհատականությունը տարբեր ուղղություններով միանգամայն ինքնատիպ դրսևորումներ է ունեցել: Բանաստեղծ, արձակագիր ու դրամատուրգ, հրապարակագիր ու հրապարակախոս, խմբագիր ու գրական կյանքի ղեկավար, մշակութային, պետական ու հասարակական գործիչ, ահա Վարդգես Պետրոսյանի հետաքրքրությունների, մտահոգությունների թերևս ոչ լրիվ ցանկը, որոնցից յուրաքանչյուրում էլ նա անմնացորդ դրել է իր սիրտն ու հոգին, անձնական երջանկությունից խլված ժամերը, օրերն ու տարիները, ի վերջո՝ ողջ կյանքը: Վարդգես Պետրոսյանը սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում: Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է: Ռուսերեն լույս են տեսել նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն Անի» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982թ. Վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով: 1975 թվականին բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում 1985-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Վարդգես Պետրոսյանը պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:

Մեծանուն մարդկանց կարծիքները Վ. Պետրոսյանի մասին
«Նրա հիմնադրած «Գարուն» ամսագիրը կենսառատ հրա՞շք էր, սառնակունք աղբյու՞ր, երբ պատրանքներն այլևս չէին ցնցում մեր անվրդով հոգիները, և խեղդամահ էինք լինում գորշության հեղձուկ օղակում: Եվ այդ կախարդական շրջանակի մեջ բոլորիս հետ ու բոլորիս պես բանտված, թո՛ղ որ պատեպատ խփելով (իր բառերն են), առանց վհատվելու նա տարածություն էր նվաճում... գոնե ազատ շնչելու համար»: /Լևոն Անանյան/ 

«Հիմա հիշում եմ նրա գրքերը, և ուղեղիս մեջ ուրվագծվում են տարօրինակ համեմատություններ: Նա գրեց «Անավարտ դիմանկարներ», բայց մի՞թե նույնքան անավարտ չմնաց նրա դիմանկարը: Նա գրեց «Քաղաքի կիսաբաց լուսամուտները», բայց մի՞թե նույնքան կիսամութ չմնաց նրա կյանքը և մահը: Նա գրեց «Ապրած և չապրած տարիները», բայց մի՞թե չապրած տարիներն ավելի շատ չեն լինելու: Նա գրեց «Կրակե շապիկը», բայց մի՞թե հենց ինքը չայրվեց այդ կրակում, որի մեջ հիմա այրվում ենք մենք: Նա գրեց «Մենավոր ընկուզենին», բայց մի՞թե ամեն մի մեծություն մենավոր ընկուզենի չէ՝ հողմերի դեմ: Նա գրեց «Հայկական էսքիզներ», բայց մի՞թե ինքն էլ մեր հայկական կյանքի մի հետաքրքիր էսքիզը չէր, որ փայլ էր տալիս մտավոր և հոգևոր մեր կյանքին: Նա գրեց «Վերջին ուսուցիչը», բայց մի՞թե ինքը մեր հրապարակախոսության վերջին ուսուցիչը չէր: Նա գրեց «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», բայց մի՞թե ավելի ծանր չէ գրողի, հրապարակախոսի գլխարկը... Նա գրեց «Դեղատուն Անին», բայց հիմա ի՞նչ դեղատուն և ի՞նչ դեղ կփրկի նրան, ի՞նչ դեղ կբուժի մեր կսկիծը...»: /Արամայիս Սահակյան/ 

«Նրա համար «ոչ» բառը չկար, ում հարկավոր էր, իսկույն գտնում էր ելքն ու միջոցը և օգնության հասնում, դուռ ու ճամփա բացում և թեթևացնում վիճակը: Իհարկե ինքն էլ ուներ իր եսական կողմերը, ինչպես բոլորս, բայց իրեն դիմողների համար մոռանում էր նույնիսկ իր եսական կողմերը և մարդկանց հանում նեղ վիճակից...»: /Բանաստեղծուհի Մարո Մարգարյան/ 

«Տգեղ, շատ տգեղ բան եղավ, ավելի նողկալին դժվար է պատկերացնել: Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում էր Վարդգես Պետրոսյան… Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ: Թե՞ նպատակը հենց այդ խիզախ, շարժուն, սթափ, անընկճելի մարդուն, որ ամեն օր ու ամենուր կարողանում էր գործ ստեղծել ու «Վարդգես Պետրոսյան» կնքել, այդ եզակի գործչին վերացնելն է եղել: Սա արդեն համահանրապետական, համազգային հասարակական-քաղաքական մեր կյանքի բացահայտ կողոպուտն է, սա բաց մարտահրավեր է մեր գոյության բուն հիմքին: Եվս մի երկու այսպիսի խուլ թխկոց՝ և մեր ժամանակի կափարիչը կմեխվի անժամանակ, և ձեր մեջ այլևս սթափ մտքի մարդ չեք ունենա…»: /Հրանտ Մաթևոսյան/

Նկարները
Տեսանյութերը

Հայկական էկրան. Վարդգես Պետրոսյա...

Արփեն Մովսեսյան. Հայից Հայ. Վարդ...

Նշվեց Վարդգես Պետրոսյանի 80 ամյա...

Վարդգես Պետրոսյանը կդառնար 80 տա...

Օգտագործող Գաղտնաբառ