haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՋԵՅՄՍ ՖԻԼԻՊԻ ԲԱՂՅԱՆ

Օդաչու (տիեզերագնաց)

Ծնվել է՝ 22/02/1952

Կենսագրությունը

Ճարտարագետ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին ԱՄՄ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ հայազգի Ֆիլիպ և գերմանուհի Ռոզ Բաղյանների ընտանիքում: Տիեզերագնացի պապի ազգանունը եղել է Քուդեբաղյան: ԱՄՆ գաղթելուց հետո միգրացիոն ծառայության գործակալները այն կրճատել են՝ դարձնելով Բաղյան: Ջեյմս Բաղյանի պապը՝ Նազարեթ Քուդեբաղյանը, իր կնոջ՝ Սաթենիկի հետ Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքից ԱՄՆ է գաղթել 1908 թվականին: Նազարեթը հայրենասեր մարդ էր: Նա իր հինգ զավակներին արգելում էր տանն անգլերեն խոսել: Ինքը հասկանում էր անգլերեն, բայց հազվադեպ էր գործածում: Եվ իր հարկի տակ հաճախ հավաքելով իր բազմանդամ գերդաստանը՝ պատմում էր կորուսյալ հայրենիքի մասին: Նազարեթ Բաղյանի տանը հաճախ էին հայկական ցերեկույթներ կազմակերպվում, որոնց ընթացքում տիրապետող էին հայկական երգն ու պարը, հայկական խոհանոցը: Ապագա տիեզերագնացի հորեղբայրներն ու հորաքույրերը որդեգրեցին Նազարեթ Բաղյանի աշխարհայացքը, և երկար տարիներ ԱՄՆ-ի հայկական համայնքում աչքի էին ընկնում հայանպաստ գործունեությամբ: Նազարեթն իր զավակներին հորդորում էր ամուսնանալ միայն հայրենակիցների հետ: Նրա պատգամը չպահեց միայն Ֆիլիպ որդին՝ տիեզերագնացի հայրը: Այդ միջավայրում էլ անցել է հայազգի առաջին տիեզերագնացի մանկությունը: Ջեյմս Բաղյանը դպրոցն ավարտել է Ֆիլադելֆիայում, 1969-1973թթ. Դրեքսելի համալսարանում սովորել է ճարտարագիտություն՝ ստանալով բակալավրի աստիճան: 1977 թվականին ավարտել է Թոմաս Ջեֆերսոնի անվան բժշկական համալսարանը, ավարտական ատենախոսություն պաշտպանել և ստացել երկրորդ որակավորումը՝ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: Ուսանելուն զուգընթաց՝ Բաղյանը ակտիվ կյանք էր վարում: Դեռևս պատանեկության տարիներին ներգրավված էր սկաուտական շարժման մեջ: Բազմիցս խրախուսանքների է արժանացել մարզական ոլորտում: Հրապուրված էր լողով, ալպինիզմով և հեծանվասպորտով: Ուսանողական տարիներին Ջեյմս Բաղյանը ծանոթացավ շվեդական ծագմամբ երիտասարդ ամերիկուհի Թանդ Բենսոնի հետ: Նրանք սիրահարվեցին, ամուսնացան: Թանդը Ջեյմսին չորս զավակ է պարգևել: Նա արագ ընտելացավ հայկական միջավայրին: Ճիշտ է, նրա համար հայերենն այնքան էլ դյուրըմբռնելի չէր (ինքը՝ Ջեյմս Բաղյանն հայերեն ընդամենը մի քանի բառ է կարողանում արտաբերել), բայց կարճ ժամանակում ոչ միայն ծանոթացավ հայկական խոհանոցի գաղտնիքներին, այլև հայկական երաժշտության մեծ սիրահար

Գործունեությունը

Երկնքի և թռիչքի մասին Բաղյանը երազել է մանկուց, երբ դեռ սկաուտ էր: Ի վերջո, նա որոշում է կյանքն ընդմիշտ կապել երկնքի հետ: Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել է կործանիչի օդաչու, արծաթե աստղի շքանշանակիր, 120 մարտական թռիչք է իրականացրել: Ուսանողական տարիներին Ջեյմս Բաղյանը ավիացիոն խմբակներ էր հաճախում՝ փորձելով կյանքի կոչել իր երազանքը՝ սավառնել երկնքում: Եվ բազմաթիվ ավիացիոն մրցույթներում աչքի է ընկել: Անգամ երբ որպես բժիշկ աշխատանքի անցավ, չմոռացավ իր երազանքն ու շարունակեց վարժանքներն ու սիրողական թռիչքները: 1976 թվականին նա, ծառայության անցնելով ԱՄՆ-ի զինված ուժերում, դարձավ ԱՄՆ-ի ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնի ճարտարագետ-մեխանիկը: 1978 թվականին որպես վիրաբույժ և բժիշկ հետազոտող է աշխատել Լեոնիդ Ջեքսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում: 1986 թվականին Բաղյանը ստացել է արհեստավարժ ճարտարագետի, իսկ 1987 թվականին տիեզերանավի բժշկի վկայագրեր: 1980 թվականի հուլիսին Ջեյմս Բաղյանը որպես տիեզերագնաց աշխատանքի անցավ ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային տիեզերագնացության գործակալություն): Բաղյանը կարող էր իրականացնել իր երազանքը դեռևս 1981 թվականին: Խորհրդա-ամերիկյան համատեղ նախագծի շրջանակում նախատեսված էր երկու պետությունների ներկայացուցիչների համատեղ թռիչք: ԱՄՆ-ն պետք է ներկայացներ Ջեյմս Բաղյանը, Խորհրդային Միությունը՝ Յաշա Գևորգյանը (ծնունդով Աշտարակ քաղաքից): Ծրագիրը, ցավոք, չիրականացավ: Իսկ համաշխարհային մամուլը չզլացավ կատակով նշել, որ երկու տիեզերագնացները տիեզերքում միմյանց հետ պիտի հայերեն խոսեն: Այնուհետև 1986 թվականի հունվարի 28-ն Ջեյմսը պիտի «Չելինջեր» տիեզերանավով տիեզերք թռչեր, բայց վերջին պահին փոփոխություններ տեղի ունեցան անձնակազմում, և անվանի բժիշկը չթռավ: «Չելինջերը» կործանվեց, Ջեյմս Բաղյանի կյանքը փրկվեց, և նրա երազանքն իրականացավ միայն 1989 թվականի մարտի 13-ին, երբ «Դիսքավըրի» տիեզերանավով առաջին անգամ թռիչք կատարեց տիեզերք: Թռիչքի տևողությունը 5 օր էր: Եվ այդ 5 օրվա համար որքան ջանք ու եռանդ էր ներդրել Ջեյմս Բաղյանը՝ հայ առաջին տիեզերագնացը:

Հետագայում՝ 1991 թվականին, Բաղյանը ևս մեկ անգամ (9 օրով) տիեզերք ուղևորվեց: Իր անվան դիմաց Բաղյանը գրանցել է տիեզերքում անցկացրած 337 ժամ: Իսկ ահա 1995 թվականին նա հեռացավ ՆԱՍԱ-ից: Ջեյմս Բաղյանն անմասն չի մնացել պետական, կառավարական մեծագույն պարգևներից: Նա պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների դեմ բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 և 1991 թվականներին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով: Այժմ Բաղյանը զբաղվում է կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է Վետերանների առողջության պահպանման ազգային կենտրոնը, ինչպես նաև Միչիգանի համալսարանի անեսթեզիայի բաժնի առողջապահական ինժեներիայի տնօրենն է: Չնայած իր լայնահորիզոն աշխատանքին ու զբաղվածությանը՝ նրա հոբբին ավտոմեքենաների վերանորոգումն է:

Տեսանյութերը

Ջեյմս Բաղյան. Հայ տիեզերագնաց...

Ջեյմս Բաղյան. Հարցազրույց...

Օգտագործող Գաղտնաբառ