haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՆԱԹԱՆ ՀԱԿՈԲԻ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1730 - Մահացել է՝ 18/01/1802

Կենսագրությունը

Պատմական Գողթան գավառի գեղատելիս վայրերից մեկում է գտնվում Շոռոթ գյուղաքաղաքը, որը 17-18 դարերում ուներ զարգացած արհեստագործություն: Արհեստավորների արտադրած ոսկերչական իրերը, դաջածո կտորները և այլ ապրանքները տեղի վաճառականների լայն կապերի շնորհիվ հասնում էին եվրոպական երկրներ ու Հնդկաստան: Հավանաբար այսքանով կսահմանափակվեր Շոռոթի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության համար, եթե նրա հետ չկապվեր Հովնաթանյանների անունը: Պարսկական գերիշխանության պայմաններում արվեստի զարգացմանը նպաստող հաստատությունները շարունակում էին մնալ վանքերը, որոնք էլ հանդիսանում էին գրեթե միակ պատվիրատուները, բացառությամբ մասնավոր դեպքերի, երբ առանձին նկարիչներ բախտ են ունեցել այս կամ այն առևտրականի կամ թագավորի կողմից պատվեր ստանալու: Ահա թե ինչու կրոնական թեմաներով գործերը գերիշխող են եղել: Այս գործում անգնահատելի ծառայություն են մատուցել Հովնաթանյանները, որոնց անվան հետ է կապված գեղանկարչության զարգացումը արևելյան Հայաստանում 18-րդ դարում: Տոհմի առաջին ներկայացուցիչը՝ Նաղաշ Հովնաթանը և՛ բանաստեղծ էր, և՛ նկարիչ: Նրա երկու որդիները՝ Հակոբը և Հարությունը նույնպես նկարիչներ էին: Սրանց սկսած գործը շարունակելու և մի նոր աստիճանի բարձրացնելու դերը վիճակված էր տոհմի տաղանդավոր ներկայացուցչին՝ Հակոբի որդի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանին: Հովնաթան Հովնաթանյանը ծնվել է Շոռոթում՝ 1730-ական թվականներին, իսկ արդեն 1760-ականներին անվանի վարպետ էր: Նրա կենսագրական նյութերի բացակայությունը հնարավորություն չի տալիս հետևելու նրա կյանքի ու գործունեության ընթացքին: Նրա ճակատագիրն էլ նման է եղել հոր, հորեղբոր և պապի ճակատագրերին, որոնց մասին նույնպես գրական աղբյուրներում ոչինչ չի պահպանվել: Մնում է միայն ենթադրել, որ լինելով ճանաչված նկարիչներ Նաղաշի թոռը և Հակոբի որդին, սովորել է տեղի դպրոցում, բնականաբար, նկարչական գիտելիքներ է ձեռք բերել հոր և հորեղբոր մոտ, պատանեկան տարիներից տեսնելով, սովորելով այն ամենը, ինչ պետք է եղել նկարչին, որպես նախագիտելիք: Հովնաթանի մասնակցությունը հոր աշխատանքներին կարող էր տեղի ունենալ ոչ շուտ, քան, երբ նա 14-15 տարեկան էր, ուրեմն կարելի է եզրակացնել, որ նա առաջին անգամ հոր հետ աշխատել է 1739 թվականին, երբ հայրը ծաղկազարդում էր Էջմիածնի տաճարը, այնուհետև 1750 թվականին՝ Ղազարապատի հյուրատունը:

Գործունեությունը

1775 թվականին Հերակլ Երկրորդ վրաց թագավորը Հովնաթանին հրավիրում է Թիֆլիս, որպես պալատական նկարիչ, կարգում է նկարչական արվեստանոցի ղեկավար, հանձնարարում է նկարչության գործը սովորեցնել հինգ շնորհալի աշակերտների: 1776 թվականի հունվարի 25-ի թագավորական շնորհագրերով Հովնաթան Հովնաթանյանն ազատվում է բոլոր հարկերից: Արքունի նկարիչ լինելը սակայն չի խանգարում, որ Հովնաթան Հովնաթանյանը մասնակցի Էջմիածնի տաճարի ներքին ձևավորմանն ու նկարազարդմանը: Այդ շրջանում նկարիչը պարբերաբար լինում է Էջմիածնում: Ղուկաս կաթողիկոսը (1780-1799) ցանկանում է ավարտել տարիներ տևող գործը և հրավիրում է «...անուանի Շոռոթեցի գեղեցկանկար և քաջավարժ Յովնաթանեան Յովնաթան շնորհալի պատկերահան և ծաղկարար վարպետն, որ ի Թիֆլիզ բնակէր, ի մեծազօր արքայեն վրաց՝ խնդրեալ բերել ետ ի սուրբ Աթոռս աշակերտօքն հանդերձ»: Կիսատ թողնելով աշխատանքները, Հովնաթանը մեկնում է Թիֆլիս, որի առթիվ 1785 թվականին Ղուկաս կաթողիկոսը նրան գրում է հրավեր-կոնդակ, ուր նկարչին անվանում է «...սիրելի և հոգևոր որդի մեր, հարազատ, հաւատարիմ, բազմաշխատ և քրտնաջան զաւակ Աթոռոյս, գեղեցկաարհեստ, լիաշնորհ և հանճարեղ պարոն...»: 1785 թվականի գարնանը Հովնաթանն աշակերտների հետ կրկին գալիս է Էջմիածին ու 1786 թվականին ավարտում տարիների իր մեծ աշխատանքն, որի մասին Էջմիածնի տաճարի գմբեթի ներսում պահպանվել է համապատասխան արձանագրություն: 1789 թվականին Հովնաթանը գալիս է Երևան, խանի համար նկարներ անելու: 1792, 1798 թվականներին ևս նրան հրավիրում են Էջմիածին՝ առանձին պատվերներ կատարելու: Հովնաթան հովնաթանյանը մահացել է Թիֆլիսում՝ 1801 թվականի վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հովնաթանյանն իր աշխատանքները չի ստորագրել և դրանց զգալի մասն էլ չի պահպանվել: Ենթադրաբար կարելի է ասել, որ նրան են պատկանում Հերակլ Երկրորդ թագավորի ֆինանսների կառավարիչ իշխան Հովսեփ Ղորղանյանի, թագուհի Դարեջանի և արքայադուստր Թեկլեի դիմանկարները, որոնք ստեղծվել են 18-րդ դարի վերջին: Հովնաթան Հովնաթանյանի համբավը տարածված էր ամբողջ Կովկասում հենց իր նկարչական արվեստի կատարելության շնորհիվ: Նա անմասն չի մնացել նաև Թիֆլիսի հայկական եկեղեցիների, այդ թվում՝ Վանքի, Զիգրաշենի և Նորաշենի եկեղեցիների նկարազարդումներից, որոնք հիմնովին վերանորոգվել ու նկարազարդվել են այն տարիներին: Էջմիածնի տաճարի նկարներում է, որ մեզ է հասել Հովնաթան Հովնաթանյանի արվեստի ուժն ու հմայքը, նրա՝ ժամանակի ականավոր արվեստագետ լինելու վկայությունը: Հովնաթանյանի պահպանված աշխատանքների շարքում տեսանելի են Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Ներսես Շնորհալու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու, Մովսես Խորենացու, Հովհան Որոտնեցու, Կոստանդին կայսեր, Հռիփսիմեի, Գայանեի, առաքյալների և այլոց պատկերումները: Դիմանկարները թեև մտացածին ու պայմանական են, սակայն կերպարներն ունեն անհատական բնութագրումներ: Այս աշխատանքների զգալի մասը ազգային մտավորականներին նվիրված առաջին հաստոցային նկարներն են, իսկ նկարների ամբողջ շարքը հայ իրականության մեջ մուծեց շքերթային դիմանկարը, մի հանգամանք, որը բխում էր նոր շրջանի հայ գեղանկարչության կազմավորման հետաքրքրություններից: Հովնաթան Հովնաթանյանը հանդես եկավ մի ժամանակաշրջանում, երբ հայ կերպարվեստը սկսում էր զարգանալ իր նոր հետաքրքրություններով, երբ աշխարհիկ թեմաները դառնում էին գերիշխող, սկսում էին զարգանալ կերպարվեստի տարբեր տեսակներն, առաջանում էին նոր ժանրեր, ձեռագիր ծաղկողն իր տեղը զիջում էր հաստոցային նկարներ ստեղծող արվեստագետին: Հայ գեղանկարչությունն որոնումների մեջ էր: Որոնում էր մյուս ժողովուրդների արվեստների հետ ունեցած փոխազդեցության մթնոլորտում, որոնում էր՝ հարստանալով արվեստի մյուս ճյուղերից, վերցնելով ազգի մշակույթին բնորոշն ու տիպականը: Այս ամենն իր փայլուն արտահայտությունն է գտել ժամանակի տաղանդավոր նկարչի՝ Հովնաթան Հովնաթանյանի արվեստում: Նրա ստեղծագործությունը բարերար ազդեցություն է ունեցել ժամանակի գեղարվեստական կյանքի վրա:

Օգտագործող Գաղտնաբառ