haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՀՐԱՉՅԱ ԼԻՊԱՐԻՏԻ ՌՈՒԽԿՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 20/04/1915 - Մահացել է՝ 28/11/1992

Կենսագրությունը

Ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թվականին՝ Ալեքսանդրոպոլում (այժմ՝ Գյումրի): Սրամտության, բանաստեղծական պոռթկումների, աշուղական անզուգական երգի այդ հինավուրց օրրանում էլ անցել են նրա մանկության տարիները: Կյանքի ու աշխատավոր մարդու նկատմամբ հավատն ու սերը, գեղեցիկը զգալու վեհ զգացումը՝ իր հոգեթով երգերով, արվեստի կատարելության հասնող իր ձեռագործներով, նրա մեջ արթնացրել է մայրը: Ռուխկյանը ուսանել է Երևանում, ուր աշակերտել է Ս. Աղաջանյանին: Գեղարվեստական բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիում: Այստեղ դասընթացի ավարտումը զուգադիպել է երկրորդ համաշխարհային բռնկման հետ: Հրաչյան մեկնել է ռազմաճակատ՝ հատուցելու իր պարտքը հայրենիքի հանդեպ: 1942 թվականի նոյեմբերի 2-ին Կիզելում Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի որոշ գումարտակների հետ նահանջելիս թշնամու ռմբակոծության տակ ընկավ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի սան, նկարիչ և լեյտենանտ Հրաչյա Լիպարիտի Ռուխկյանը: Ձախ ոտքից արյունաքամ լենինականցի հայորդուն թշնամին գերեց և տարավ Մալսկի աղյուսի գործարան, որը ֆաշիստները վերածել էին համակենտրոնացման ճամբարի: Նրա հետ էր նաև գերված վրացի մի բժիշկ: Վերջինիս օգնությամբ, դեռ վերքերը չապաքինված, մարմնում դարանակալած ականներ, ձեռնափայտի և հնարամտության շնորհիվ, նա մի օր գիշերով փախչում է համակենտրոնացման այդ ճամբարից: Ամբրոսևկա գյուղում, նկատելով իրեն փնտրող էսէսականներին, խիստ սառնամանիքի տակ Հրաչյան ձյան մեջ թաքցնում է իր զինվորական շինելն ու մի կերպ կառչում Կրասնոդար սլացող գնացքից: Այստեղ նա ներկայանում է տեղի զինկոմիսարիատ, որտեղից էլ գործուղվում է Դոնի Ռոստով՝ Հյուսիս-Կովկասյան զինօկրուգի տրամադրության տակ որպես պահեստային սպա: 1943 թվականի գարնանը Ռուխկյանը, դեռ լրիվ չապաքինված, մոբիլիզացվում է և ուղարկվում ռազմաճակատային գիծ: Նորից վերքեր, ծանր արյունահոսություն: Հոսպիտալում հրաշքով փրկվում է անսասան մարտիկը և 1944-ին զորացրվում: Պատերազմի և աշխատանքի վետերան Հրաչյա Ռուխկյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, 1985 թվականին նրան շնորհվել է Հայկ. ԽՍՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում: Հրաչյա Լիպարիտի Ռուխկյանը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին՝ Երևանում:

Գործունեությունը

Հրաչյա Ռուխկյանը հայ կերպարվեստի ամենահայտնի վարպետներից է: Քառասնամյա ստեղծագործական ճանապարհ անցած նկարիչը բազմադարյան մշակույթ ունեցող իր ժողովրդի հոգևոր գանձարանը հարստացրել է բազմաթիվ արժեքավոր գործերով: Համաշխարհայինի հաղթական օրերի հետ սկսվեց նաև նկարչի հաղթարշավը հայ արվեստի հորիզոններում: Որքան էլ դա հազվադեպ է պատահում, նրա արվեստի համընդհանուր ճանաչումը տեղի ունեցավ միանգամից: Ռուխկյանի անունը մի քանի օրվա ընթացքում ժողովրդայնություն ստացավ: Դա 1945 թվականին էր: Նա մասնակցեց Սայաթ-Նովայի դիմանկարային կերպարի ստեղծման մրցույթին և շահեց միակ մրցականը՝ մեծ ոգեվորությամբ իր համար լայն ճանապարհ հարթելով դեպի մեր ժողովրդի ազգային արվեստի բարձունքները: Նկարիչը կարողացել էր Սայաթ-Նովայի դիմանկարը կերտել այնպես, ինչպես նրան պատկերացնում էր հայ ժողովուրդը: Երեք տարի անց նա կերտեց մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի հաստոցային դիմանկարը, որը գրողի անհայտացման հարյուրամյակի առթիվ հայտարարված մրցույթում արժանացավ խրախուսանքի՝ հայ գրաֆիկական արվեստը հարստացնելով արժեքավոր մի աշխատանքով: Նա առաջին և երկրորդ կարգի մրցանակների արժանացավ նաև Սովետական Հայաստանի 35-ամյակի առթիվ հայտարարված քաղաքական պլակատի մրցույթում: Լայն են նկարչի ստեղծագործական կարողությունների սահմանները: Նա կերտել է մեծ թվով պատմահեղափոխական թեմատիկ կտավներ, հայ մտավորականների կոմպոզիցիոն կերպարներ, աշխատանքի մարդկանց դիմանկարներ, բնանկարներ, քաղաքական պլակատներ, նատյուրմորտներ և այլն: Բայց նա ճանաչված վարպետ է գրաֆիկական արվեստում: Նրա բազմաթիվ օֆորտները, լինոփորագրությունները, վիմագրությունները արժանի համբավ են բերել նկարչին: Ռուխկյանին զբաղեցրել է հատկապես Ստեփան Շահումյանի կերպարը, որի վրա նա աշխատել է շուրջ 30 տարի: «Շահումյանի առաջին հանդիպումը Լենինի հետ Շվեյցարիայում» կոմպոզիցիան հաստատեց նկարչի հասարակական-քաղաքական երևույթները ճիշտ գնահատելու ունակությունը: Հրաչյայի համար ստեղծագործությունների անսպառ նյութ են իր ժամանակի մարդը, նրա խիզախումները, խոհերն ու ձգտումները: Ժողովրդական նկարիչը մի առանձին սիրով է անդրադարձել պատմականացած գործիչների կերպարների ստեղծմանը՝ Սայաթ-Նովայի ու Խ. Աբովյանի նկարների կողքին դնելով իր Մեսրոպ Մաշտոցին, իր Նարեկացուն, Կոմիտասին, Րաֆֆուն, Վռամշապուհին... Սիրով ու ներքին հուզմունքով են կատարված Ավ. Իսահակյանի, Ստ. Զորյանի, Ա. Խաչատրյանի և շատ ուրիշ դիմանկարներ: 30 անհատական ցուցահանդես է ունեցել Հրաչյա Ռուխկյանը: Վազգեն առաջին վեհափառը, տրամադրելով նկարչին իր անձնական ավտոմեքենան, ի կատար է ածել Ավ. Իսահակյանի պատվերը՝ շրջելու Հայաստանի մարզերում և հավերժացնելու մեր եկեղեցիները: Արդյունքում նկարչի վրձինը անմահացրել է 120 եկեղեցի: Նրա վրձնին է պատկանում նաև «Զորավարի կաղնին» նկարը: Լինելով Իջևանում, ծանոթացել է լեգենդար կաղնու պատմությանը, կտավին հանձնել Սպարապետ Վարդան Մամիկոնյանի ձեռքով տնկած կաղնին, որը, ցավոք, պահպանվել է միայն Հրաչյա Ռուխկյանի նկարում: Իր և Իսահակյանի մտերմության մասին նկարիչը պատմում է «20 տարի վարպետի հետ» գրքում, որտեղ զետեղված են նրա հեղինակած «Աբու-լալա-Մահարի»-ի նկարազարդումները: Իսկ Արցախում Լեռնային Ղարաբաղի 60- ամյակին նվիրված ցուցահանդես է բացել, 60 նկար նվիրել տեղի պատկերասրահին: Նրա ջանքերով այնտեղ նաև բացվել է Սայաթ-Նովայի անվան գեղարվեստի դպրոց:

Մեծանուն մարդկանց կարծիքները Հ. Ռուխկյանի մասին.

«Դու պետք է ստեղծես հայոց մեծերի կերպարները: Դու դա կարող ես, «Սայաթ-Նովան» դրա վկայությունն է»: /Մարտիրոս Սարյան/

 «Հրաչ ջան, դու հրաշք ես, որ մեզ նվիրեցիր հրաշք երգչին: Թե մինչև հիմա քեզ սիրել եմ որպես մեծ հոգու տեր մարդու, այսուհետ սիրելու եմ որպես մեծ նկարչի»: /Ավետիք Իսահակյան/ 

«Ռուխկյանի «Մաշտոցը» հողեղեն է, հիանալի է ու համոզիչ, դրա համար էլ այդ նկարի մեծադիր վարպետությունը զարդարել է «Էջմիածին» ամսագրի շապիկի առաջին էջը»: /Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին/ 

«Ռուխկյանը մեծ հայրենասեր է, նա իր կերտած «Բույլ հանճարաց» շարքով աշխարհին ներկայացրեց հայոց մեծերին, մինչդեռ աշխարհում ընդունված կարգ է ներկայացնել թագավորներին: Ռուխկյանի թագավորներն են հայոց մեծերը»: /Վոյս.Անգլիացի տեսաբան/ 

«Դու կարծես կարդացիր իմ հոգին»: /Հրաչյա Ներսիսյան/ 

«Ռուխկյանը հոգեբան նկարիչ է, ես կասեի մարդաբան»: /Վիկտոր Համբարձումյան/ 

«Ամեն մի նկարչի չի հաջողվում այնպիսի կերպար ստեղծել, որ մտնի ժողովրդի մեջ, որ դասական դառնա: Սայաթ-Նովայի ռուխկյանական մեկնաբանությամբ հանճարեղ երգիչը ժողովրդի ընկալումներում ապրում է, ժպտում ու նվագում»: /Սիլվա Կապուտիկյան/

Տեսանյութերը

Ապրիլի 20-ը նկարիչ Հրաչյա Ռուխկյ...

Օգտագործող Գաղտնաբառ