haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍԻ ՏՅՈՒՍԱԲ

Գրող

Ծնվել է՝ 1841 - Մահացել է՝ 16/01/1901

Կենսագրությունը

«Օրենքը լար է փաթաթել կանանց պարանոցին և ամրացնում կամ թուլացնում է այն իր կամոք, մինչդեռ կրոնն ու հավատքը հուսահատ մարդկությանը հույս ու ապավեն դառնալու փոխարեն դարձան արատավոր գործիք բազմաթիվ հոգևորականների ձեռքում՝ սեփական շահերին հասնելու համար»:

 «Երբ մի մարդ իր իրավունքները պաշտպանել չգիտի, արժանի չէ դրանք վայելելու»: 

«Մարդիկ ընդհանրապես կարեկցում են թշվառներին, բայց չար են երջանիկների նկատմամբ»: /Սրբուհի Տյուսաբ/ 

Հայ գրականության առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբը ծնվել է Կ. Պոլսի Միջագյուղ (Օրթագյուղ) թաղամասում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը՝ Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբության դառնությունը: Սրբուհու կյանքում մեծ է եղել մոր բարոյական ազդեցությունը, որը ոչինչ չի խնայոլ դստեր բազմակողմանի զարգացման համար ու մինչև վերջ քաջալերել և ուղղություն է ցույց տվել նրան: Սրբուհին ուսանել է Միջագյուղի ֆրանսիական դպրոցում: Հետագա դաստիարակությունը ստանձնել է եղբայրը՝ Հովհաննեսը՝ սովորեցնելով ֆրանսերեն, պատմություն և բնական գիտություններ (նա քրոջից մեծ էր 9 տարով, բարձրագույն կրթություն է ստացել Փարիզում, զբաղվել է գիտությամբ, այնուհետև գրավել մի շարք պաշտոններ): Վկայություններ կան, որ Սրբուհի Վահանյանը 12 տարեկան հասակում բացի ֆրանսերենից տիրապետում էր նաև իտալերենին, հունարենին, անգլերենին, կարդացած էր և երաժշտական փայուն ձիրք ուներ, հիանալի դաշնամուր էր նվագում: Սրբուհու կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ: Սրբուհին ցանկանում է աշակերտել մեծ բանաստեղծին, և Նազլը Վահանը սիրով ընդառաջում է դստեր ցանկությանը: Սրբուհին, որ ժամանակակիցների վկայությամբ մինչ այդ քամահրանքով էր վերաբերվում հայերենին, սկսում է հայերենի մասնավոր դասեր առնել բանաստեղծի մոտ և գրաբար բանաստեղծություններ գրել: Ուսուցիչն աշակերտուհու մեջ սերմանում է հայրենասիրություն, ազգային հպարտության զգացում, սեր ու հետաքրքրություն իր ժողովրդի անցյալի ու մշակույթի նկատմամբ: Բանաստեղծի և աշակերտուհու միջև հոգեկան ամուր կապ է ստեղծվում, որ վերաճում է զգացմունքի: Շատ ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, դա ակնհայտ երևում է նրա որոշ բանաստեղծություններից, սակայն Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր հիվանդ ուսուցչի հանդեպ, թեև մեծ տառապանքով անթեղել է այն, իսկ նրա վաղաժամ մահվան կսկիծն արտահայտել է հայտնի «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգով: 1864 թվականին Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին՝ որպես օգնական ատենադպիր աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը, դրանցից մեկի ժամանակ հանդես գալիս կրակոտ ճառով: Այդ տարիներին է, որ նա նկատվում է իբրև համարձակ ու սկզբունքային մտավորական: 1865 թվականին, երբ Զմյուռնիայի «Ծաղիկ» հանդեսի խնբագիր Գրիգոր Չիլինկիրյանը մի հոդվածի պատճառով հալածանքների է ենթարկվում, Մատթեոս Մամուրյանի ուշադրությունը ակումբում գրավում է մի «գեղանի և աշխույժ օրիորդ»՝ Ս. Վահանյանը, որ զայրույթով դատապարտում էր Չիլինկիրյանի հակառակորդներին: 1869 կամ 1870 թվականին Սրբուհին ամուսնանում է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ, որը վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը: Նա ոչ միայն չի խանգարել կնոջը զբաղվելու հասարակական գործերով, այլև ամեն կերպ օգնել է նրան: 1870-ական թվականներին Սրբուհի Տյուսաբը զբաղվում էր զավակների՝ Դորիի և Էդգարի դաստիարակությամբ: Այդ տարիներին նրանց տան սալոնում հավաքվում էին ժամանակի նշանավոր մտավորականները և զրուցում գրական ու հասարակական տարբեր հարցերի շուրջ:

Գործունեությունը

Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին: 1880 թվականի մայիսից արդեն նա Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր՝ Ընդհանուր ժողովի ատենապետ, և ձեռնամուխ էր եղել ընկերության համար անհրաժեշտ միջոցների հայթայթմանը: Նա հրատարակեց «Աշխարհաբար հայ լեզուն» աշխատությունը, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրեց ընկերությանը: Բացի դրանից, նա հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ էր կազմակերպում: Նրան հաջողվում է ընկերությունը դուրս բերել ճգնաժամից և զարգացման հունի մեջ դնել: Նրան իրավամբ համարում էին «Դպրոցասիրաց հոգին», իսկ նրա՝ իբրև ընկերության ատենապետուհու հրաժարականը՝ հավասար ընկերության լուծարմանը: Դպրոցասերի հիմնադիրներից Նուրիկ Սիմոնյանը տարիներ անց ջերմորեն ու երախտագիտությամբ էր հիշում, թե ինչ նվիրումով ու եռանդով է ղեկավարել Տյուսաբն ընկերությունը. «Հատորներ կրնային լեցունել ընկերության վերաբերյալ մտերմական նամակները, ազնիվ զգացմամբ ու աշխույժ ոճով գրված, որոնց անմիջապես պատասխանելու էր: Սպասել չէր սիրեր: Չեմ կարծեր, որ 10-15 ոսկի առնող գրագիրները ավելի գիր գրեն, քան տիկին Տյուսաբը այդ թվականին: Իր տունը բաց էր այս գումարումներուն համար, եթե հիվանդ ըլլար, ննջասենյակը կընդուներ մտերիմ անդամուհիները, բայց կընդուներ»: Ընկերության ատենապետուհու պաշտոնը նա թողել է 1887 թվականին անձնական խնդիրների և վատառողջության պատճառով: Միաժամանակ այդ եռանդուն գործիչը նպաստել է նաև ուրիշ կազմակերպությունների ու հաստատությունների գործունեությանը: Նա եղել է Միացյալ ընկերության պատվավոր անդամ, անդամակցել է Բերայի Նարեկյան վարժարանի աշակերտների նյութական ու բարոյական վիճակի բարելավման նպատակով ստեղծված Պատվավոր հայ տիկիններու խնամակալությանը, հաճախակի այցելել Պոլսի վարժարանները, հետևել աշակերտների պարապմունքներին: 1882 թվականի հուլիսի 25-ին նա իր ամուսնու հետ ներկա է եղել Արծրունյան վարժարանի սաների մրցանակաբաշխության հանդեսին և տեսնելով դպրոցի անմխիթար վիճակը՝ հանդեսից հետո հանգանակել է 1500 ղռուշ: Այս նույն շրջանում նույնքան բեղուն էր նրա ստեղծագործական գործունեությունը, հենց այդ տարիներին նա սկսեց հանդես գալ հրապարակախոսական հոդվածներով՝ արծարծելով կանանց զարգացման ու աշխատանքի խնդիրները, գրեց իր վեպերը: 1887 թվականից հետո նա քրոնիկական գլխացավերի պատճառով թողնում է գրական գործունեությունը, սակայն վերստին հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության օգտին, նաև Երզնկայի դպրոցի, օժանդակում Գալֆայան որբանոցին, այցելում դպրոցներ: Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության: Նա հովանավորում է Ասիական ընկերության լսարաններին՝ կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարությունը: 1889 թվականի նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ՝ բուժվելու: Ճանապարհին կանգ է առնում Ֆիլիպե (Պլովդիվ) քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում Տյուսաբի վիճակը: Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում, որտեղ Շառլ Գունոն և Ամպրուազ Թոման փայլուն ապագա են գուշակում նրա դստերը երաժշտական ոլորտում: Նա մտերմանում է «Նուվել ռըվյուի» խմբագիր Ժյուլետա Ադանի հետ: 1891 թվականին՝ Պոլիս վերադառնալուց մի քանի ամիս անց, թոքախտից մահանում է նրա դուստրը՝ 18-ամյա Դորին: Տյուսաբն այդպես էլ չհաղթահարեց այդ վիշտը: Հայ գրականության առաջին կին վիպասանն ու կրակոտ հրապարակախոսը, որ իր վեպերով, հոդվածներով ու ելույթներով խռովում էր Կ. Պոլսի մտավոր կյանքը՝ արձագանքները հասցնելով ինչև Թիֆլիս ու գաղութներ, իսպառ մեկուսացավ աշխարհիկ կյանքից: Տյուսաբի ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին «ազգասեր» մակդիրով: Ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. «Պարզապես հայուհի մըն եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները...»: Այս խիստ ինքնագնահատականն, անշուշտ, ընդվզումի և հիացմունքի խառը զգացումներ է առաջացնում, և եթե նրա անկեղծությունը ստիպում է հարգել իր կարծիքը, ապա նաև պարտավորեցնում է ասել, որ նրա շնորհիվ մեծապես բարձրացավ հայուհու հարգն ու վարկը: Սրբուհի Տյուսաբը մահացավ 60 տարեկան հասակում՝ քաղցկեղից: Աճյունն ամփոփվեց Շիշլիի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին: Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվեց համեստ մի հուշարձան՝ ֆրանսերեն տապանաքարով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, ով ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները: Հավերժ հարգանք ու ափսոսանք»:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ս. Տյուսաբի մասին.

«Գեղադեմ օրիորդին այս պարզ ու իմաստալից խորհրդածությունները լսելով՝ գետնե գետին անցա, մերթ կզամայլեի անոր անկեղծության և Իզմիրի կանայքը պաշտպանելու և երիտասարդությունը դատապարտելու երկսայրի լեզվին վրա, մերթ կսրտմտեի, որ նորաբույս կույս մը մեզնե ավելի ազատամիտ՝ մեզի կանացի բնության վրա դաս տալու կհանդգնեի...»: /Մատթեոս Մամուրյան/

«Նախ նորանշան երևույթ մը, հետո գրավիչ օրինակ մը, հուսկ ուրեմն անուշ հիշատակ մը եղած է հայ կանանց մեջ: Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը և զգացողներուն ծայրահեղությունն է իր սեռին համար, որուն կպատկանի ոչ թե գաղափարներովը, ոչ թե կյանքովը, այլ սրտովը միայն: Ինքը հանդուգն «ֆեմինիսդ» մը երկերուն մեջ, անկեղծ արհամարհող մը կեղծավոր պատշաճությանց, քաջություն ունեցած է ըսելու ճշմարտություններ, որոնց առջևեն զարհուրած ետ-ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը: Եվ այդ ճշմարտությունները ներկայացուցած է մեզի ոչ թե ժանյակե բուրապահիկներու մեջ ժապավենով փաթթած, այլ բաց թուղթի վրա, լուրջ, պարզ և անաչառ, ինչպես իր վրա ամեն բան՝ նայվածքը, ժպիտը, կեցվածքը, մինչև արդուզարդն անգամ»: /Սիպիլ (Զապել Խանջյան-Ասատուր)/ 

«Տիկին Տյուսաբ լսելով, որ գրական ասպարեզին թեկնածու մըն եմ, ինձ նախազգուշացուց, ըսելով, որ այդ ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ուներ, քան դափնիներ: Հաղթահարելու համար այդ բոլորը, պետք է միջակութենեն վեր ըլլալ: Էրիկ մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը»: /Զապել Եսայան/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ