haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ

Գործարար

Ծնվել է՝ 06/06/1917 - Մահացել է՝ 16/06/2015

Կենսագրությունը

«Բազմաթիվ հարցեր ես տալիս, մարդկանց ես լսում, բայց, ի վերջո, հետևում ես սեփական բնազդիդ»: /Քըրք Քըրքորյան/

Քըրք Քըրքորյանը (Գրիգոր Գրիգորյան) ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին հայ ներգաղթյալների ընտանիքում՝ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նրա ծնողները Միացյալ Նահանգներ էին տեղափոխվել՝ փրկվելով ցեղասպանությունից: Նա անցանկալի երեխա է եղել. Երբ մայրը՝ Լիլի Քըրքորյանը, հայտնաբերել է, որ հղի է, հայ տարեց կանանց խորհրդով փորձել է ընդհատել հղիությունը, սակայն երբ դա չի հաջողվել, ստիպված լույս աշխարհ է բերել Քըրքին: Քըրքի հայրը՝ Ահարոն Քըրքորյանը, ձեռներեց էր, սակայն հազիվհազ էր կարողանում հոգալ ընտանիքի կարիքները: Քըրքը Քըրքորյանների չորս զավակներից կրտսերն էր: Ավագ եղբայրը՝ Նիշը (Նշան), սովորեցնում էր Քըրքին բռնցքամարտել: Դասերն իզուր չանցան. երբ կրտսեր Քըրքորյանին փոխադրեցին «բարդ» երեխաների համար նախատեսված դասարան, նա արդեն կարող էր պաշտպանել իրեն: Ինը տարեկանից Քըրքը սկսեց փող բերել տուն՝ վաստակելով հնարավոր ամեն ճանապարհով. Մեքենա լվանալուց մինչև թերթ վաճառել ու կահույք տեղափոխել: Ութերորդ դասարանից հետո նա ընդհանրապես թողեց դպրոցը, որպեսզի աշխատի որպես ավտոմեխանիկ և զբաղվի բռնցքամարտով: Քըրքը գտնում էր դեն գցած մեքենաներ, հասցնում դրանք համեմատաբար տանելի վիճակի և վաճառում՝ յուրաքանչյուրից ունենալով 5-10 դոլար մաքուր շահույթ: Բայց իր ապագան նա տեսնում էր բռնցքամարտում: Շուտով Քըրքը դարձավ սիրողական բռնցքամարտի տեղի չեմպիոնը՝ միջին քաշում և ստացավ «աջով կրակող Քըրքորյան» մականունը: 1939 թվականին, երբ Քըրքորյանն արդեն մտածում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու և օրվա հացը սպորտի միջոցով վաստակելու մասին, նրան քար շարելու վարձեց Թեդ Օ’Ֆլաերթին: Աշխատանքի ընթացքում նրանք զրույցի բռնվեցին, և Թեդն առաջարկեց Քըրքին զբոսնել իր երկտեղանի փոքրիկ ինքնաթիռով: Մի քանի օր անց Քըրքորյանն առաջին անգամ օդ բարձրացավ և արդեն հաջորդ առավոտյան նորից եկավ թռիչքադաշտ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու իր ծրագրերի մասին այլևս չէր էլ հիշում: Մի քանի տարի անց Քըրքը զգաց, որ պատրաստ է դառնալ օդաչու և գնաց առաջին կին օդաչուներից մեկի՝ Պանչո մականունով Ֆլորենս Բարնսի դպրոց: Ճիշտ է, ուսման վարձը վճարելու համար Քըրքը փող չուներ: Այդժամ նա առաջարկեց փոխհատուցել դա՝ ռանչոյում աշխատանքով: Բարնսին առաջարկը դուր եկավ, և նրանք համաձայնության եկան: Այդուհետ, օդաչուական դասերի միջև Քըրքորյանը կթում էր կովերին ու հավաքում գոմաղբը: Եվ վեց ամիս անց ստացավ ոչ միայն օդաչուի արտոնագիրը, այլև մշտական աշխատանք Ֆլորենս Բարնսի դպրոցում: Սակայն շուտով այդ աշխատանքը սաստիկ ձանձրացրեց Քըրքին, և նա այլ զբաղմունք գտավ իր համար. տեղափոխել Կանադայում արտադրվող «Մոսկիտ» ռմբակոծիչները Բրիտանական կղզիներ: Դրա համար հիրավի մեծ գումար էին վճարում. 1000 դոլար՝ մեկ չվերթի համար, սակայն ռիսկը նույնպես մեծ էր: Միջին հաշվով չորս չվերթից միայն մեկն էր բարեհաջող ավարտվում: Բրիտանական ՌՕՈՒ-ում երկուսուկես տարի ծառայելու ընթացքում Քըրքը Եվրոպա փոխադրեց 33 ինքնաթիռ և բավականաչափ գումար կուտակեց, որպեսզի պատերազմի ավարտից հետո գնի սեփական ինքնաթիռ՝ մեկ շարժիչավոր «Սեսսնա»: Դրանով նա ուսուցանում էր սկսնակ օդաչուներին և մասնավոր չվերթերով տեղափոխում բոլոր ցանկացողներին երկրով մեկ: Քըրքը սկսեց զբաղվել փոքր ինքնաթիռների առևտրով, իսկ նրա գնորդները հաճախ իր իսկ նախկին սաներն էին: Երկու տարվա ընթացքում նա բավականաչափ վաստակեց, որպեսզի 1947 թվականին գնի Los Angeles Air Service փոքրիկ ավիաընկերությունը: Այժմ Քըրքը հաճախ էր առիթ ունենում ընկերության գործերով այցելել Լաս Վեգաս: 1940-1950- ական թվականներին նա չափազանց շատ էր խաղում խաղատներում: Մի գիշերվա ընթացքում 50-80 հազար դոլար տանուլ տալը նրա համար սովորական բան էր: Բայց հետզհետե Քըրքորյանը ձանձրացավ խաղից, և սեփական ընկերության գործերը սկսեցին գնալով ավելի հրապուրել նրան: Գործերն այնքան հաջող էին ընթանում, որ 1968 թվականին Քըրքը վաճառեց իր ավիաընկերությունը արդեն 104 միլիոն դոլարով և ի լրումն՝ ստացավ նաև TransAmerica-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթ՝ մոտ 85 միլիոն դոլար արժողությամբ: Զբաղվել Լաս Վեգասի սրնթաց թանկացող հողի առևտրով Քըրքորյանը փորձեց դեռևս 1962 թվականին՝ ընդամենը 960 հազար դոլարով մոտ 8 հեկտար հող գնեց: Դրանից հետո հողի գինը աճեց բազմապատիկ: Միայն վարձույթով դա տալով, Քըրքորյանը վեց տարվա ընթացքում ստացավ 4 միլիոն դոլար, իսկ 1968 թվականին վաճառելով ողջ հողատարածքը նոր խաղատան շինարարության համար՝ ևս 5 միլիոն ձեռք բերեց: Դրանից հետո Քըրքորյանը ծավալվեց ողջ թափով: 1972 թվականին նա սկսեց կառուցել «աշխարհի ամենամեծ հյուրանոցը»: 1969 թվականին Քըրքը գնեց Metro Goldwyn mayer (MGM) հոլիվուդյան հանրահայտ կինոըկներությունը: Ուշագրավ է, որ իր կյանքի ընթացքում նա երեք անգամ գնել ու վաճառել է այդ կինոստուդիան ու յուրաքանչյուր գործարքի հետ Քըրքորյանը մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելի է հարստացել: Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ընկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը: Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսի 16-ին Լոս Անջելեսում՝ 98 տարեկան հասակում:

Գործունեությունը

Իր բոլոր հաջողություններով հանդերձ, Քըրք Քըրքորյանն ամենևին էլ հաջողակ գործարարի տպավորություն չէր թողնում: Նա հազվադեպ էր հայտնվում իրեն պատկանող ընկերությունների տնօրենների խորհուրդների նիստերում և երբեք հրապարակավ ելույթներ չէր ունենում: Բարձրաշխարհիկ երեկույթներից առավել գերադասում էր ընկերների հետ շփումը, որոնց հետ մտերիմ էր արդեն տասնամյակներ շարունակ: Եվ նրան լավ ճանաչողները վստահեցնում են, որ Քըրքը մեղմաբարո մարդ էր և հիանալի զրուցակից: Իր մասին լրագրողների հարցերին Քըրքը միայն խուսափողաբար պատասխանում էր. «Իմ գործերն իրենք են խոսում իրենց մասին»: Քըրքորյանը երբեք չի ժխտել իր՝ հայ լինելու հանգամանքը՝ ամենաօրհասական պահերին կանգնելով իր ժողովրդի կողքին: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին Քըրք Քըրքորյանը մշտապես օգնել է Հայաստանին ու Արցախին: Մասնավորապես նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001թվականից ի վեր 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նա նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996 թվականին կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2004թ.-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս: Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծը Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի նկարահանումն էր, որում հերոսների միմյանց նկատմամբ սերը հաղթահարում է ժամանակը և փոխում ճակատագիրը:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ք. Քըրքորյանի մասին.
«Քըրք Քըրքորյանը անկախության առաջին օրերից սկսած մեծ ներդրում է ունեցել մեր երկրի կայացման համար: Ծանր տարիներին կարիքավորներին մատուցած նրա օգնությունը հնարավոր չէ գերագնահատել: Մեր երկրի իշխանությունները միշտ հարգել են նրան և երախտագիտություն հայտնել, իսկ ժողովրդի շրջանում նա միշտ արժանի հարգանք է վայելել»: /Հովիկ Աբրահամյան/
 «Նրա աջակցությունը կարևոր դեր էր խաղում հայ համայնքների պահպանման համար թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ Մերձավոր Արևելքում ու ողջ աշխարհում»: /Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյան/ 
«Տարիներ շարունակ Քըրքորյանը եղել է առատաձեռնության չափանիշ: Հազվադեպ է իր արածի համար ուշադրություն կամ ճանաչում ակնկալել: Երկար տարիներ նրա աջակցությամբ իմ հիմնադրամը պայքարել է ՁԻԱՀ-ի դեմ, կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի համար: 2013թ-ին Քըրքորյանը ինձ միացել է նաև կանանց սրտային հիվանդության դեմ պայքարում: Եզակի, բացառիկ ու շատ առանձնահատուկ անձնավորություն էր: Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան»: /Բարբարա Սթրեյզանդ/ 
«Գիտեք նա այնքան լայնորեն իր քսակը բացեց եւ նվիրատվություն արեց, որով կառուցվեցին շատ ու շատ շենքեր Գյումրի քաղաքում: Մեծահարուստների պակաս հայ ազգը երբեք չի ունեցել, բայց բարերարների պակաս ունեցել է եւ ունի եւ ցավոք դեռ էլի կունենա: Ինչպես ինքը ՝ Քըրք Քըրքորյանն էր ասել մի անգամ՝ կան հարուստներ եւ կան փող ունեցող աղքատներ: Եվ սա Ավետարանական սկզբունք է, ինքը եկեղեցուց հեռու մարդ էր , շատ մոտիկ մարդ չէր եկեղեցուն, բայց ապրում էր քրիստոնեական սկզբունքներով, որը նույնն է ասում, ասում է՝ հարուստ է նա, որը տալիս է , ոչ թե հարուստը նա է, ով ունի: Ունեցողը հարուստ չէ, ունեցողը աղքատ է, հարստությունը երեւում է այն ժամանակ, երբ տալիս ես»: /Միքայել եպիսկոպոս Աջապահյան/

Տեսանյութերը

Ամերիկյան երազանքի հայկական օրին...

Հայկական ծագումով ամերիկյան լեգե...

Լաս Վեգասի հայ արքան...

Հայկական անձնագիր Քըրք Քըրքորյան...

Մահացել է Քըրք Քըրքորյանը...

Օգտագործող Գաղտնաբառ